Սիրիական բանակը գրավել է Հոմսի կենտրոնը

17:28 • 29.02.12

Սիրիական բանակը հսկողության տակ է վերցրել Հոմս քաղաքի` հակակառավարական ուժերի պատվար համարվող Բաբա Ամր թաղամասը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրների, բանակն անցել է մաքրման աշխատանքների` ստուգելով բոլոր տները:

«Զինվորները մանրակրկիտ ստուգում են բոլոր նկուղներն ու թունելները` զենք ու ահաբեկիչ գտնելու ակնկալիքով»,- հայտնել է աղբյուրը:

Անցած շաբաթ հենց այս թաղամասում  հրետակոծության ժամանակ զոհվեցին արևմտյան երկու լրագրողներ` ամերիկուհի Մերի Քոլվինն ու Ֆրանսիայի քաղաքացի Ռեմի Օշլիքը:

Ընդդիմության վստահեցմամբ` սիրիական իշխանությունները շաբաթներ շարունակ գնդակոծություների են ենթարկել Հոմսը, որոնց հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Սիրիայում մոտ մեկ տարի է չեն դադարում կառավարական ուժերի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև բախումները: ՄԱԿ-ի հրապարակած վերջին տվյալի համաձայն` այս ընթացքում զոհվել է ավելի քան 7.500 մարդ: