Տիգրան Սարգյանը չի հավատում, որ Հրայր Թովմասյանը կարող է «աղջիկ կպցնել»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի հավատում, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարող է սոցիալական կայքում աղջիկ կպցնել:
Այս մասին այսօր հայտնեց Տիգրան Սարգսյանը կառավարության հետ հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ Facebook-ում Աննա Ս. Անունով մի օգտատեր օրերս իր էջում տեղեկացրել էր, որ ամուսնացած և երեք երեխայի հայր նախարարը, այն էլ աշխատանքային ժամերին իրեն «կպցնում է» և ամեն օր նամակներ է գրում` չնայած իր մերժումին:
«Հետաքրքիր է, չէ՞, թե նախարարներն ինչով են զբաղված ողջ օրը: Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը, հանգիստ… Խոսքս հայրենի նախարարների մասին է… թե չէ առհասարակ նախարարի պարտականությունների և օրվա անելիքների մասին մոտավոր պատկերացում ունենք:
Անձնական բնույթի նամակների հրապարակմանն առհասարակ դեմ եմ, բայց այս մեկը հայրենիքիս է վերաբերվում: Եթե ավելի կոնկրետ, ապա նրա արդարադատությանը: Եվ քանի որ վերջինս… մեզանում, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ, կփորձեմ ներկայացնել դրա բուն պատճառը:
Արի ու տես` անմեղ ու միամիտ գառնուկի դեմքով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աշխատանքի ժամերին զբաղվում է ոչ այլ ինչով, քան աղջիկ կպցնելով: Արդեն որերորդ օրն է, ինչ նա համառորեն փորձում է հետս զրույց սկսել, բայց ես նրան չեմ պատասխանում, որպեսզի գործից չկտրեմ, ու Հայաստանի արդարադատության մասին հարցերն իմ պատճառով չտուժեն: Ի դեպ, պրն Թովմասյանն ամուսնացած է և ունի երեք երեխա»,- գրել էր
«Բարի առավոտ», «Ինչպե՞ս եք», «Բարի առավոտ», «Բարի լույս», «Բարի առավոտ»,- իրեն չպատասխանող Աննային համառորեն բարևել է Հրայր Թովմասյանը:
Ի դեպ այս կապակցությամբ նախարարից մեկնաբանություն էր վերցրել «Հայկական Ժամանակ» օրաթերթը։
«Եթե Հայաստանում «ֆրենդներին» բարև տալը դարձել է աղջիկ կպցնել, ուրեմն ես, չգիտեմ, պարաշյուտիստ եմ»,– ասել էր նախարարը: Երբ «Հայկական ժամանակ» թերթը հետաքրքրվել է, թե փաստորեն տեղյակ է` խոսքն ինչի մասին է, նա պատասխանել է. «Չէ, ես չգիտեմ, չեմ էլ հիշում այդ բանը: Եթե ինքն իմ ընկերների մեջ է, օնլայն է, առավոտյան, որպես կանոն, բարևում եմ բոլորին ու հարցնում եմ` ո՞նց եք: Եթե դա ինչ-որ հանցագործություն է մեր օրերում, չգիտեմ»:
Նախարարը նաև հայտնել է, որ «Ֆեյսբուքում» ընկերների ցանկից հեռացրել է բոլոր նրանց, ում հետ անձամբ ծանոթ չէ, և այժմ շուրջ 300 ընկեր ունի այդտեղ: Թերթի հարցին թե` նրանցից 40-50-ը երևի օնլայն են լինում, բոլորին պարտադիր բարևո՞ւմ եք ամեն առավոտ: «Եթե առավոտյան գալիս եմ... Առավոտյան չէ, օրվա մեջ մի անգամ եմ սայթ մտնում, նայում եմ, բոլորին ասում եմ` բարև ու չեմ հիշում, հետո` ոնց եք, ինչ եք»,- պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարարը:









