ԱՄՆ-ի հետ բանակցելը նույնն է, ինչ մացառախոզերի սեքսը. իսրայելցի պաշտոնյա

17:07 • 29.02.12

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներ այցի ժամանակ նախագահ Բարաք Օբամայից կպահանջի խստացնել Իրանի նկատմամբ հռետորաբանությունը:

Իսրայելական «Հաարեց» թերթը` վկայակոչելով իսրայելական կառավարական աղբյուրի, գրում է, որ Նեթանյահուն մտադիր է հասնել նրան, որ ԱՄՆ-ն ոչ երկիմաստ հասկացնել տա, որ ծրագրում է Իրանի դեմ ռազմական օպերացիա սկսել, եթե Իրանն «անցնի սահմանը»:

Օբամայի այն հայտարարությունը, թե «բոլոր հնարավորությունները շարունակում են բաց մնալ», Իսրայելին արդեն չեն բավականացնում:

Ծրագրվում է, որ կողմերը հանդես կգան Իրանի հարցով համատեղ հայտարարությամբ, սակայն այդ փաստաթղթի տեքստի համաձայնեցումն այդքան էլ հեշտ չէ:

«Ամերիկացիների հետ բանակցելը նույնն է, ինչ մացառախոզերի սեքսով զբաղվելը. մենք աշխատում ենք դանդաղ ու շատ զգույշ»,- ասել է աղբյուրը, ով, ի դեպ, մասնակցելու է բանակցությունների:

Երկու երկրների պաշտոնատար անձինք խոստովանում են, որ նորմալ երկխոսությանը խոչընդոտում է Օբամայի ու Նեթանյահուի միջև վստահության ակնհայտ պակասը: Առաջնորդները կասկածում են միմյանց իրենց երկրի ներքաղաքական խնդիրներին միջամտելու մեջ:

Իսրայելի վարչապետի, ինչպես նաև նախագահի ու պաշտպանության նախարարի այցն ԱՄՆ նախատեսված է մարտի առաջին շաբաթվա ընթացքում:

Իսրայելն ավելի կոշտ դիրքորոշում ունի Իրանի հարցում, քան ԱՄՆ-ն, որը գտնում է, որ անհրաժեշտ է սպասել Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների արդյունավետությանը: