Միջուկային զենքի ստեղծումը «մեծ մեղք» է. Իրանի ԱԳՆ
Իրանական միջուկային ծրագրի շուրջ օրեցօր աճող միջազգային ճնշման ազդեցության ներքո, Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին ՄԱԿ-ին հետագա բանակցությունների կոչ է արել և քննադատել ատոմային զենքի ստեղծումը` անվանելով այն «մեծ մեղք»:
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք միջուկային զենք ունենալու մեջ փառք ու պատիվ չենք տեսնում, ընդհակառակը` դրա ստեղծումը, պահելը, փորձարկելը կամ փորձարկելու սպառնալիքն անօրինական, անօգուտ, վնասակար, վտանգավոր ու անթույլատրելի ենք համարում: Դա մեծ մեղք է»,- ասել է Սալեհին Ժնևում ՄԱԿ-ի ներքո անցկացված զինաթափման համաժողովում:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Սալեհին նշել է, որ բանակցությունների շարունակություն է ակնկալում:
Իրանը վստահեցնում է, որ իր միջուկային ծրագիրն ունի խաղաղ բնույթ, սակայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցությունները վերջին ժամանակներում փակուղում են հայտնվել: Արևմտյան տերություններն ավելի ու ավելի են անհանգստացած ատոմային զենքի ստեղծման շուրջ Թեհրանի հնարավոր ծրագրերով:









