Բանկային գաղտնիքի վերանալու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ԿԲ

12:02 • 29.02.12

Այս ամսվա սկզբում միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) մտադիր է վարկային կազմակերպությունների` իրենց վարկառուների հետ աշխատանքում նոր աշխատանքային կանոններ մտցնել, ինչի արդյունքում, ինչպես հաղորդում էր մասնավորապես vestifinance.ru-ն, գլխավոր փոփոխությունը բանկային գաղտնիքի փաստացի լուծարումը կլինի:

Տեղեկատվության համաձայն՝ ԵԿԲ-ն ենթադրում էր, որ վերջին ժամանակներում բնակչությանը տրված վարկերի զգալի ավելացման պարագայում բանկային հատվածում հավասարակշռության խախտման սպառնալիք է առաջանում, իսկ արդեն այս ամառ գործարկվելիք նոր կանոնակարգով կպարտավորեցնի Եվրամիության բոլոր բանկերին ԵԿԲ-ին փոխանցել իրենց վարկառուների մասին տեղեկությունները, որպեսզի յուրաքանչյուր ցանկացող, համապատասխան վճարի դեպքում, կարողանա ստանալ լիարժեք տեղեկություններ այս կամ այն ընկերության պարտատերերի մասին:

Այս կապակցությամբ Tert.am–ը հարցում էր ուղղել ՀՀ Կենտրոնական բանկին՝ տվյալ տեղեկատվությունը, ինչպես նաև նման որոշման՝ Հայաստանում կիրառություն գտնելու հավանականությունը մեկնաբանելու խնդրանքով։ ԿԲ–ից մեզ պատասխանեցին, որ Եվրոպական կենտրոնական բանկը պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը և այն շրջանառության մեջ դրած լրատվամիջոցը ավելի ուշ հերքող հրապարակումով է հանդես եկել։