Զինված հարձակում Խիմկիի պահեստներից մեկի վրա. կան զոհեր

11:00 • 29.02.12

Մերձմոսկովյան Խիմկի քաղաքի պահեստներից մեկի վրա անցած գիշեր կատարված զինված հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով իրավապահներին, երեք մարդ ձերբակալվել է, թեթև վնասվածքներ ստացել մեկ հատուկջոկատային:

«Հանցագործները ներխուժել են կառույցի երկրորդ հարկ, որտեղ գտնվում է դրամարկղը, և փորձել հափշտակել դրամական միջոցները, սակայն տեսնելով մանեկենի` նրա ուղղությամբ կրակ են բացել` այն անվտանգության աշխատակցի տեղ դնելով»,- ասել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Եվգենի Գիլդեևը:

Ըստ Գիլդեևի` իրենք նախապես իմացել են ծրագրված հանցագործության մասին, այդ իսկ պատճառով հաջողվել է կանխել այն: Նրանք առաջարկել են հանցագործներին հանձնվել, սակայն նրանք դիմադրություն են ցույց տվել` կրակ բացելով և պայթուցիկներ նետելով ոստիկանների ուղղությամբ:

Հարուցվել է քրեական գործ, այդ թվում` «իրավապահ մարմինների աշխատակցի կյանքին ոտնձգություն» հոդվածով, ինչի համար սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում: