Սա աշխարհի վերջը չէ. Կ. Մանոյանը ցեղասպանությունների օրինագծի մասին

14:00 • 29.02.12

Փաստը, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադական ճանաչեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, դեռ «աշխարհի վերջը» չէ, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ դատի և Բյուրոյի քաղաքական հարցերի և գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` հիշեցնելով, որ այս մասին զգուշացրել էր դեռ օրինագծի ընդունման ժամանակ:

Մեկնաբանելով փաստը` նա արձանագրեց, որ այս անգամ, այս «ռաունդին» հաղթեցին թուրքական ճնշումները, սպառնալիքները, նաև կաշառքները, ինչն իրապես «պատիվ չի բերում Ֆրանսիային»:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, ըստ բանախոսի, միայն թուրքական ճնշում չէ: «Երբ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարություն կանի, կամ որոշ եվրոպական կառույցներ, պարզ կդառնա, որ սա Թուրքիային սիրաշահելու-չսիրաշահելու հարց էր ոչ միայն Թուրքիայի, այլև այլ պետությունների համար»,- ասաց Կիրո Մանոյանը:

«Սահմանադրական խորհրդի որոշումը, որ ասում է, թե խոսքի ազատության սահմանափակում կա քաղաքական մեկ որոշումով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մեջ, միաժամանակ հաստատում է, որ 2000-2001թ. այն օրենքը, որով Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա ինքը այդ խնդրին չի անդրադառնում, ինչպես որ չի անդրադառնում նաև (19)90թ. Կիոսոյի` այսինքն հրեական Ողջակիզումի ժխտումը քրեականացնող օրենքին, սակայն ակնարկում է դրան, ասելով, որ դա դատարանի որոշումի էության ժխտումի հարց է և ոչ թե քաղաքական մեկ որոշումով ճանաչված: Տարբերությունը դա է. Կիոսոյի օրենքով հղումը կատարվում է 1945թ. ռազմական դատավարություններին և այդտեղ արծարծված փաստերը ժխտելուն, իսկ այս վերջին օրինագիծն ակնարկում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունները ժխտելուն: Իրենք փորձել են տարբերություն գտնել, բայց դա կասեի, որ մտքի ճգնում է»,– նշեց Մանոյանը:

Հարցին, որ եթե նախագահ և նախագահի թեկնածու Սարկոզին նորից սկսի այս օրինագծի անցկացման գործընթաց, ինչ արդյունքներ կարելի է ակնկալել և արդյոք թուրքական լոբբին այդ դեպքում նոր թափով չի սկսի կասեցնել նորացված նախագծի ընդունումը, Կիրո Մանոյանը պատասխանեց ասելով, որ դա ընդամենը բարի կամքի արտահայտություն կլինի, քանի որ վերընտրվելու դեպքում էլ Նիկոլա Սարկոզին իր լիազոորւթյունների ժամկետում չի հասցնի ավարտին հասցնել օրինագծի վավերացումը:

Նա նաև նշվեց, որ մեկ–երկու օրից խորհրդարանն արձակուրդ կգնա՝ ավելացնելով, որ չի կարծում, որ այս հարցով արտահերթ նիստ կհրավիրվի: Մանոյանը նաև նշեց, որ ՀՀ Ազգային ժողովը չունի նման օրինագիծ:

Կիրո Մանոյանը արժանահավատ չի համարում այն վարկածը, թե այս ամենը կանխատեսելի էր։ «Բայց կարծում եմ մի քիչ շատ է, այսքան ռիսկի գնալ, ինչու համար: Այդքան անլուրջ մարդ չէ, որ գնար ռիսկի»,–մեկնաբանեց նա։

Կիրո Մանոյանը նաև ասաց, որ սա պաշտոնական Փարիզի դիրքորոշումը չէ, և ոչ էլ այն, որ Ֆրանսիայի նման պետությունը կարող է «խաղ խաղալ»: Հարցին, թե այլապես ինչպես հասկանալ, որ մի ամբողջ պետություն չկարողացավ թուրքական կաշառքների կամ սպառնալիքների դեմն առնել, Կիրո Մանոյանը կրկնեց, որ պետության ներսում կան տարբեր դիրքորոշումներ ունեցողներ և դրա համար «եղավ այն, ինչ եղավ»:

ՀՅԴ Հայ դատի և Բյուրոյի քաղաքական հարցերի և գրասենյակի ղեկավարը կարծում է, որ այս գործընթացը նախագահ և նախագահի թեկնածու Նիկոալա Սարկոզիի համար ինչ-որ տեղ իր քաղաքական հայացքները դրսևորելու միջոց էր, այն Սարկոզիի, որը մշտապես դեմ է արտահայտվում`ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

Կիրո Մանոյանը չգիտի, թե երբ կլինի օրինագիծն առաջ տանելու մեկ այլ հարմար պահ, հատկապես, որ այն համընկնի Ֆրանսիայում նախագահական քարոզարշավի նախօրեին, սակայն Մանոյանը համոզված է, որ չաշխատելու դեպքում այդպիսի առիթ հաստատ չի լինի: