Լեզվի պետական տեսչությունը ծայրահեղությունների է հասնում
Լեզվի պետական տեսչությունը հայոց լեզվի հարցում հասնում է ծայրահեղությունների իր «քանզի», «վասնզի» բառերով, նման կարծիք այսօր հնչեց «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ այսօր կազմակերպած «Հայերենը ժամանակի հորձանուտում» թեմայով քննարկմանը։
Հյուրերից «Երևան» ամսագրի հայերեն տարբերակի խմբագիր Արտավազդ Եղիազարյանը հիշատակեց այն դեպքը, երբ Լեզվի պետական տեսչության նախագահ Սերգո Երիցյանը անդրադարձել էր «Արմենիա» հեռուստաընկերությա «Ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ» ռուսալեզու հաղորդմանը:
«Եթե լեզվի տեսչությունը ելույթ է ունենում և ասում, որ չպետք է հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով հաղորդում հեռարձակվի և այն շարունակում է հեռարձակվել, ապա այդ տեսչությունը կամ պետք է փոխի իր աշխատելաոճը կամ անիմսատ է նրա աշխատանքն ընդհանրապես»,- ասաց նա:
«Կոսմոպոլիտան» ամսագրի խմբագիր Հրաչուհի Ութմազյանի համար զարմանալի է, որ մարդիկ հավատացել էին, որ հենց Լեզվի պետական տեսչությունն է սեքս բառը թարգմանել հայերեն և ստացել «հաճույքաճխտիկ» տարբերակը:
«Մեկը որոշել էր կատակել, բայց մարդիկ չիմանալով թե ով է թարգմանել` միանգամից որոշեցին, որ հեղինակը լեզվի տեսչությունն է: Այսինքն նրանք դա հավանական համարեցին: Սա չի կարող պատահականություն լինել»,- ասաց նա:
«Նյուզհաբ» հումորային հաղորդման համահեղինակ Նարեկ Մարգարյանը հայոց լեզվի առաջ ծառացած խնդիրների գլխավոր պատճառ համարեց սերիալները:
«Մենք ասում ենք որ կերպարը եթե հանցագործ է չի կարող խոսել գրական հայերենով, քանի որ կեղծ կստացվի: Բայց պարտադիր չէ, որ մի սերիալում լինի 15 հանցագործ, թող լինի մեկը և շուրջը նորմալ մարդիկ որոնք կխոսեն քիչ թե շատ գրական և կառանձնանա վատը լավից»,-ասաց նա և ավելացրեց, որ հենց նման բացասական կերպարների խոսելաոճն է, որ կամաց-կամաց մուտք է հանրության բառապաշար:









