Պետական ծառայողները կարող են մինչև 3.8 մլն դրամի բժշկական ապահովագրական հատուցում ստանալ
Վճարելով տարեկան 52 000 դրամ, պետական ծառայողը կկարողանա հիվանդության դեպքում մինչև 3 միլիոն 800 հազար դրամի անվճար բուժօգնություն ստանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական գործակալության անձնական ապահովագրության գծով վաճառքների բաժնի ղեկավար Արմինե Բադալյանը՝ նշելով, որ դա բազային մինիմալ փաթեթն է, և պետական ծառայողը կկարողանա ավելին ստանալ՝ օգտվելով այլ փաթեթներից ևս:
Հիշեցնենք, որ այս տարվա պետբյուջեում նախատեսվում է 120 000 պետական ծառայողների սոցիալական փաթեթ տրամադրել` տարեկան 132 000 դրամ ծավալով: Այդ գումարը ծախսվելու է ստացողի ցանկությամբ՝ բժշկական ապահովագրության, բուհի վարձավճարի, հիփոթեքային վարկի մարման, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանգիստ անցկացնելու վրա:
Նշված ապահովագրական ծառայությունից կկարողանան օգտվել միայն պետական ծառայողները, ինչպես նաև ծառայողի ընտանիքի անդամները, կինը, երեխաները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն այսուհետ բոլոր պետական ծառայողները պետք է անցնեն պարտադիր բժշկական ապահովագրություն:
Բազային փաթեթով պետական ծառայողին կտրվի մի շարք ծառայություններ, այդ թվում և՝ ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող բոլոր բուժհաստատություններում ապահովագրված հիվանդը կարող է անցնել անվճար բժշկական հետազոտություն, անհետաձգելի և պլանային դեպքերում, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, որոնց հաջորդում է հետազոտությունը, տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժզզնում անցնելու հնարավորություն:
Արմինե Բադալանը նշեց նաև, որ այս փաթեթին կարող է ապահովագրվող անձը ավելացնել գումար և ստանալ այլ փաթեթեներ ևս, օրինակ 52 հազար դրամին գումարելով 5 հազար դրամ, Բազային փաթեթի հետ կստանա նաև «Դիագնոստիկա» փաթեթը, որի դեպքում ապահովագրական վճարը կկազմի մինչև 5 միլոն դրամ:









