Միսակ Սարգսյանը չի հեռացել ՕԵԿ–ից. Հեղինե Բիշարյան

11:54 • 29.02.12

Օրինաց երկիր կուսակցության (ՕԵԿ) Դավիթաշենի կառույցի ղեկավար, գործարար Միսակ Սարգսյանը կուսակցությունից հեռանալու դիմում չի ներկայացրել և այսօր, ըստ ամենայնի, այս մասին հայտարարություն կանի, Tert.am-ին հետ զրույցում ասաց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը։

«Ուղղակի նա մոտ 10-15 օր առաջ սրտի շատ ծանր նոպա ունեցավ և դժվարանում է կատարել իր պարտականությունները», – տեղեկացրեց Բիշարյանը և ավելացրեց. «Նախ, ՕԵԿ-ի Դավիթաշենի ղեկավարը ես եմ, նա ընդեմանը մեր կառույցի անդամ է»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, թե Միսակ Սարգսյանը, ով «Մազդա» և «Սուզուկի» մեքենաներ Հայաստան ներկրող «Ռոյալ մոթորս« և «Թոփ մոթորս» ընկերությունների սեփականատերն է, խիստ հիսաթափված է ՕԵԿ-ից և կուսակցության նախագահից:

Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին հայտարարել էր ՕԵԿ Կենտրոն վարչական համայնքի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա չի առաջադրվի: Անգամ լուրեր կային այն մասին, որ Արայիկ Հայրապետյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել, ինչը սակայն հերքվել էր ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանի կողմից:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն առաջարկեց այս կապակցությամբ հեռուն գնացող եզրակացություններ չանել, քանի որ ըստ նրա՝«մարդն, այո, ցանկություն էր հայտնել, սակայն ուսումնասիրելով՝ տվյալ համայնքը որոշել է չառաջադրվել՝ վերլուծելով իր հնարավորությունները»:

Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնականով Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուն լինելու է գործող պատգամավոր Ռուբեն Սադոյանը, որը նաև Կենտրոն վարչական շրջանի գործող ղեկավարի եղբայրն է:

Ինչ վերաբերում է լուրերին, որ ՕԵԿ-ն այս անգամ խորհրդարանում չի լինելու և դրա համար կուսակցության նախագահին կփոխհատուցվի Գլխավոր դատախազի պաշտոնով, ապա ՕԵԿ –ից չեն պատրաստվում օրումեջ այս հարցին պատասխանել: