Երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչները քննարկում են մայրենիի խնդիրները
Հայոց լեզվին առնչվող խնդիրների շուրջ այսօր տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին մի քանի ամսագրերի խմբագրեր, հաղորդումների հեղինակներ, որոնք ներկայացնում էին ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերունդը։
«Երևան» ամսագրի հայերեն տարբերակի խմբագիր Արտավազդ Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ հայերենի խոսակցական լեզուն հեռու է պաշտոնական գրական լեզվից:
«Անհրաժեշտ է միացյալ ուժերով գտնել ոսկե միջինը և չընկնել ծայրահեղությունների հետևից»,- ասաց նա:
«Կոսմոպոլիտան» ամսագրի խմբագիր Հրաչուհի Ութմազյանը համաձայնեց նրա հետ՝ ասելով որ հայերենի երկու շերտերի միջև իսկական անդունդ է գոյացել: Նա նաև առանձնացրեց հատկապես ընտանիքի, դպրոցի և բուհի դերը, որոնք մեծ աշխատանք ունեն անելու մայրենիի պահպանման գործում:
«Պետք է համախմբվենք և գտնենք մի տարբերակ, որը միաժամանակ գրագետ է և շինծու չէ: Ես չեմ ընդունում այն, որ փորձում են բոլոր միջազգային բառերը հայաֆիկացնել»,– ասաց նա:
Այս իմաստով երիտասարդների և միջին տարիքի մարդկանց կարծիքները տարբերվեցին: Դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը իր խոսքն ուղղեց երիտասարդներին և ասաց որ չի կարելի հասարակ դարձնել մայրենի լեզուն:
«Պետք է միշտ ձգտել կատարյալին: Չի կարելի լինել կիսագրագետ: Գրագետ խոսքը միշտ նպաստում է առողջ մարդկային հարաբերություններին»,- ասաց նա:
«Նյուզհաբ» հումորային հաղորդման համահեղինակ Նարեկ Մարգարյանը ավագ սերնդի ներկայացուցիչներին հիշեցրեց, որ այսօր, ավելի քան երբևէ մեծ արագությամբ մեր լեզու են ներթափանցում օտար բառեր:
«Քսան տարի առաջ լեզուն ավելի կայուն էր, քանի որ շփումը այլ լեզուների հետ ավելի քիչ էր։ Հիսուն տարի առաջ էլ ավելի կայուն էր: Այսօր համացանցն իր մեծ դերն ունի այս հարցում: Սրա նկատմամբ մի փոքր ավելի հանդուրժող պետք է լինենք»,- բացատրեց նա:










