Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով եղել է Սինգապուրում
Պաշտոնական այցելությամբ Սինգապուրում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 28-ին ընդունել է Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Կեն Յամը:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ողջունելով ՀՀ արտգործնախարարին Սինգապուրի ղեկավարն ասել է. «Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Սինգապուրի Նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները: Նախարար Նալբանդյանը նշել է, որ 2009թ. Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուի այցելությունը Հայաստան նոր էջ բացեց երկու երկրների հարաբերություններում, և վստահություն հայտնել, որ Նախագահ Թոնի Թան Կեն Յամի հրավերով ՀՀ Նախագահի պետական այցելությունը Սինգապուր նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև բարեկամական փոխգործակցության զարգացմանը:
Սինգապուրի Նախագահը խնդրել է նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել, որ Սինգապուրում ուրախությամբ և ամենայն ջերմությամբ են սպասում երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Հայաստանի ղեկավարի առաջին այցելությանը:
Սինգապուրի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, ներդրումային ոլորտում փոխգործակցությունը, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հարցերի շուրջ:
Նույն օրը տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սինգապուրի ԱԳ նախարար Կ Շանմուգամի միջև բանակցությունները, որոնց օրակարգում են եղել ՀՀ Նախագահի Սինգապուր այցելության նախապատրաստական աշխատանքները, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Նախարար Շանմուգամն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում բարեկամ Հայաստանի Նախագահի առաջին այցելությունը Սինգապուր խորհրդանշական է և այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:









