Հյուսիսային Կորեան պատրաստ է սառեցնել միջուկային փորձարկումները

20:28 • 29.02.12

Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է սառեցնել միջուկային փորձարկումները և հեռավոր գործողության հրթիռների փորձնական գործարկումները, ինչպես նաև դադարեցնել Յեոնբեն միջուկային օբյեկտի վրա կատարվող աշխատանքներն ու թույլ տալ ՄԱԿ-ի տեսուչներին վերահսկել սույն համաձայնության իրականացումը:

«Միացյալ Նահանգները նախկինի պես խորը անհանգստություն են արտահայտում Հյուսիսային Կորեայի գործողությունների պատճառով լայն շրջանակի հարցերի կապակցությամբ, սակայն այսօրվա հայտարարությունը լուրջ առաջընթաց է արձանագրում որոշ հարցերի կարգավորման համար»,- ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ Հյուսիսային Կորեայի քայլերին ի պատասխան ԱՄՆ-ն համաձայնվել է ավարտել ԿԺԴՀ-ին պարենային օգնություն տրամադրելու մանրամասների քննարկումը, ինչպես նաև հետագա քայլեր ձեռնարկել` երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: