Խորհրդային սպան պատմել է, թե ինչպես է փրկել աշխարհը միջուկային աղետից
Թոշակի անցած խորհրդային սպա, փոխգնդապետ Ստանիսլավ Պետրովը գերմանական Die Welt -ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է աշխարհը փրկել միջուկային աղետից:
1983 թ.-ի լույս սեպտեմբերի 26-ի գիշերը նա` որպես Սերպուխով-15 հրամանատարային կետի օպերատիվ հերթապահ, որոշում է ընդունել չսեղմել հրթիռի արձակման կոճակը, չնայած ռադարի մոնիտորի վրա հայտնվել են ԽՍՀՄ ուղղությամբ թռչող ամերիկյան միջուկային հրթիռներ:
«Հերթապահությունս, սովորականի պես, սկսվում էր ժամը 20.00-ին: Այդ օրն իմ ենթակայության տակ էր 80 զինծառայող: Ժամը 00:15-ին, ես այդ օրը երբեք չեմ մոռանա, ազդանշաններ հնչեցին: Էկրանի վրա հայտնվեց Հյուսիսային Ամերիկայի քարտեզը և ռազմաբազայի կողքին փոքր քառակուսի, որտեղից արձակվել են հրթիռները»,- հիշել է Պետրովը:
Նրա խոսքով` այդ պահին բոլոր ներկաները նայել են իրեն ու սպասել համապատասխան հրամանի, սակայն նա, չկարողանալով կողմնորոշվել, կարգադրել է միայն նստել և նույնն արել անձամբ:
«Ես ունեի ընդամենը մի քանի րոպե, որպեսզի երկրի ղեկավարությանը տեղեկացնեի սպառնալիքի մասին: Հրթիռները պետք է պայթեին մեր տարածքում ընդամենը կես ժամ անց: Ինձ թվում էր, որ իմ գլուխը վերածվել է համակարգչի», - պատմել է սպան:
Պետրովը պատմել է, որ զանգահարել է ղեկավարությանը միայն երկու րոպե անց և ասել, որ ազդանշանը կեղծ էր, տեղի է ունեցել համակարգչի հետ կապված տեխնիկական խոտան:
«Մնում էր միայն սպասել մինչ հրթիռները, եթե դրանք իսկապես արձակվել էին, մտնեին մեր օդային տարածք: Դա պետք է տեղի ունենար 18 րոպե անց, սակայն տեղի չունեցավ»,- ասել է նա:
Պետրովի խոսքով հենց սկզբից իրեն տարօրինակ է թվացել, որ ռադարը հրթիռի արձակումը ցույց է տվել միայն մեկ բազայից: «Հրթիռային հարձակման ժամանակ այդպես չի լինում»,- ասել է նա` նշելով որ իր ներքին զգացողությունը փրկել է միլիոնավոր կյանքեր:
Միայն կես տարի անց է հայտնի դարձել, թե ինչն է եղել կեղծ ազդանշանի պատճառը. արևի ճառագայթները որոշակի կերպով արտացոլվել են Երկրից և լուսավորել արբանյակը: Սխալմամբ, թե պատահմամբ` այն տեղի է ունեցել հենց ռազմաբազայի վրա:
Փետրվարի 24-ին Պետրովը Գերմանիայի կողմից արժանացել է Գերմանական լրերի 2011թ. մրցանակի: Իսկ 2006թ. հունվարի19-ին Նյու Յորքում` ՄԱԿ-ի շտաբ- բնակարանում, խորհրդային սպային հանձնվել է հատուկ մրցանակ` «Մարդ, որը կանխեց միջուկային պատերազմը» գրությամբ:









