ԼՂ ՊԲ–ն հերքում է ադրբեջանցի սպա վիրավորելու լուրը
ԼՂ Պաշտպանության Բանակի մամլո ծառայությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, թե հայկական ուժերի կողմից ադրբեջանցի սպա է վիրավորվել։
«Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի Մարտունու պաշտպանական ուղղությամբ արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ղարաբաղյան դիրքապահների կողմից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ սպա Փյարվին Ալիևը, հերթական նպատակաուղղված ապատեղեկատվություն է, որն առավելապես միտված է մի կողմից միջազգային հանրության շրջանում հայկական զինուժը ներկայացնել նախահարձակի դերում, իսկ մյուս կողմից՝ սեփական բանակում տիրող բարձիթողի վիճակը պարտակել իր իսկ ժողովրդից»,– նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Ըստ ԼՂՀ ՊԲ–ի մամլո ծառայության՝ իրականությունն այն է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, փետրվարի 28-ին ոչ միայն շարունակել են հարգել հակամարտ կողմերի միջև ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությունը, այլև ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններին պատասխանելուց:
«Միայն այն փաստը, որ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 45 անգամ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել ավելի քան 200 կրակոց, պերճախոս վկայությունն է այն բանի, որ Բաքվի քարոզչությունն, իր սովորության համաձայն, ամեն ինչ շարունակում է ներկայացնել գլխիվայր»,– նշվում է հաղորդագրույթան մեջ:









