Սեպտեմբերի 11-ի զոհերի աճյունները նետվել են աղբավայր

12:27 • 29.02.12

ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչության զոհերի մի մասի աճյունները նետվել են աղբավայր: Այս մասին նշված է Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության երեքշաբթի հրապարակած հաշվետվության մեջ: 

Ըստ հաշվետվության` Պենտագոնի շենքում ու Փենսիլվանիա նահանգում կատարված ահաբեկչությունների հետևանքով անձը չպարզված զոհերի մի մասի մնացորդները փոխանցվել են Դովերում գտնվող ԱՄՆ ռազմաօդային ուժերի հուղարկավորության ծառայությանը: Հենց այս բազա են բերվում արտերկրում զոհված բոլոր ամերիկացի զինվորների աճյունները:

Ահաբեկչության զոհերի աճյունները, դիակիզումից հետո, փակ ու կնքված կոնտեյներներով փոխանցվել են կենսաբժշկական թափոնների ծառայությանը, որն էլ կրկնակի դիակիզում է իրականացրել:

Հաշվետվության հեղինակները պարզել են, որ երկրորդ դիակիզումից հետո, Դովերի հուղարկավորության ծառայության սպասումներին հակառակ, աճյունների մի մասը նախկինի պես պահպանվել են: Հետագայում ծառայությանը հայտնի է դարձել, որ մնացորդային նյութերը նետվել են աղբավայր:

Սպիտակ տունն անհանգստություն է հայտնել Դովերում աճյունների հետ նման կերպ վարվելու կապակցությամբ: ԱՄՆ վարչակարգը կոչ է արել Պենտագոնին կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել` հետագայում նման դեպքերից խուսափելու համար:

2011թ. նոյեմբերին The Washington Post թերթը գրել էր, որ Դովերի ավիաբազան տարիներ շարունակ նման կերպով ազատվել է Իրաքում ու Աֆղանստանում զոհված անհայտ զինվորների աճյուններից: