Բնապահպանության նախարարը մեջբերում է «Օրհուսի կոնվենցիայի»՝ միայն խորհուրդները, իսկ պահնջները՝ ոչ

18:04 • 29.02.12

Այսօր ԱԺ–ում կայացած կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը վերաբերում էր շրջական միջավայրի փոփոխության խնդիրներին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային համալիրին» Քաջարանի մերձակա համայնքի հողերը հանրային գերակա շահով տրամադրելու մասին որոշմանը, ինչպես նաև Մաշտոցի այգում կրպակների տեղադրման խնդրին։ Մասնավորապես վերջին խնդրի հետ կապված պատգամավորի հարց տվեց, թե արդյոք կառավարությունը չի գտնում, որ կրպակները պետք է ապամոնտաժվեն:

Հարցին պատասխանած Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Քաջարանի տարածքների վերաբերյալ ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է, և վերջնական որոշում ձևավորված չէ:

Թեղուտում «Օրհուսի կոնվենցիայի» խախտումների վերաբերյալ պատգամավորի մեկնաբանություններին ի պատասխան, Արամ Հարությունյանն ասաց, որ պատգամավորը բարդ ձևակերպումներ է անում և ներկայացրեց այն առաջարկությունները, որ արվել են Հայաստանին:

Այսինքն`նշվում է, որ օրենքում փոփոխություններ կատարվեն իրազեկման, հանրային քննարկումներին առնչվող հարցերում:

Մաշտոցի պողոտայի վերաբերյալ Բնապահպանության նախարարն ասաց. «Հսկայակածավալ աշխատանքներ են կատարվել Երևանում կանաչապատման, ծառապատման և այս աշխատանքներում առաջնորդվել ենք Երևանի գլխավոր հատակագծով և գոտիավորման օրենքով, և մենք առաջարկել ենք այս սկզբունքը պահպանել»:

Ռեպլիկի կարգով «Ժառանգության» պատգամավորը նկատեց, որ նախարարը մեջբերում է միայն այն, թե ինչ խորհուրդներ են տրվել Հայաստանին և հակադարձ հարցադրում արեց` ծանո՞թ է նախարարն այս կովենցիայի այն պահանջին, որ բետոնը ծառին չպետք է ավելի մոտ լինի, քան հինգ մետրը, մինչդեռ ըստ Զարուհի Փոստանջյանի` «տասնյակ ծառեր գերեվարված են բետոնի և երկաթի մեջ»: