Որքա՞ն արժեն նախընտրական խոստումները. Միրոնովը, Զյուգանովն ու Ժիրինովսկին գերազանցել են Պուտինին
Московский комсомолец թերթը դիմել է «Ֆինանսական ու հաշվապահական խորհդատուներ» փորձագիտական կազմակերպությանը` պարզելու համար, որքան արժեն Ռուսաստանում նախագահի թեկնածուների նախընտրական խոստումները:
Պարզվել է, որ «Արդար Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված Սերգեյ Միրոնովի նախընտրական խոստումներն ավելի քան 124 տրիլիոն ռուբլի արժեն, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովինը` 110 տրլն-ից ավելի, իսկ Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկունը` ավելի քան 80 տրլն:
Թերթը նշել է, որ նման իրավիճակում անհրաժեշտ կլինի կրկնակի մեծացնել դաշնային բյուջեի ծախսային մասը:
Համեմատության համար թերթը նշում է, որ վարչապետ Վլադիմիր Պուտինի նախընտրական խոստումները բավականին «համեստ» են`9.9 տրլն ռուբլի, իսկ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովինն ավելի «համեստ»` 7.3 տրլն:
Նախագահի թեկնածուների 2012-2018 թթ. ծրագրած բոլոր ծախսերից փորձագետները հաշվել են սոցիալական բնույթի ծախսերը` նպաստներ, կենսաթոշակներ, աշխատավարձեր և այլն:
Օրինակ` Պուտինը խոստացել է 2013-2018 թթ. պրոֆեսորների ու դասախոսների աշխատավարձն աստիճանաբար կրկնակի դարձնել:
Զյուգանովը 2013-2016թթ. խոստանում է արդյունաբերության զարգացման նպատակով պետական ներդրումներն ավելացնել նվազագույնը 20 տրլն ռուբլով, Միրոնովը`կենսաթոշակների չափը հասցնել աշխատավարձերի 60 տոկոսին: Ժիրինովսկին` այլ, յուրօրինակ գաղափար ունի` երկու տարով նվազեցնել կենսաթոշակային տարիքը` և կանանց, և տղամարդկանց համար: Միխայիլ Պրոխորովն առաջարկում է Կենցաղային կոմունալ տնտեսության ծրագրի ֆինանսավորման համար օգտագործել Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի 15% ռեզերվները:









