Տարոն Մարգարյանը Ռուբեն Վարդանյանի հետ քննարկել է Երևանում իրականացվելիք խոշոր ներդրումային ծրագրեր
Մայրաքաղաքում ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործարար հետաքրքրությունները՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «Ամերիա» ընկերությունների խմբի մաս կազմող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի»–ն առաջարկում է 2012–2016թթ. մայրաքաղաքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագիր:
Ընկերությունը, մասնավորապես, առաջարկում է Երևան քաղաքում իրականացնել տուրիզմի, գործարար ենթակառուցվածքների և համաքաղաքային հանգստյան և ժամանցի վայրերի, զբոսայգիների և կանաչ գոտիների ժամանակակից համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային մի քանի ծրագրեր։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդգծելով մայրաքաղաքի զարգացման գործում ներդրումային ծրագրերի ներգրավման կարևորությունը, նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն Երևանի զարգացմանն ու երևանցիների բարօրությանը։
Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում, արված առաջարկություններն ուսումնասիրելուց հետո, կողմերն առավել առարկայական քննարկում կծավալեն։









