Հաշվառման նոր համակարգի շնորհիվ մեռյալ հոգիներն այլևս կենսաթոշակ չեն ստանա
Կենսաթոշակառուների հաշվառման նոր տեղեկատվական համակարգի ներդրման արդյունքում կենսաթոշակառուների տվյալները կլինեն առավելագույնս ճշգրիտ, թափանցիկ, իսկ համակարգը կաշխատի ավտոմատ կարգով՝ սուբյեկտիվ գործոնը հասցնելով նվազագույնի։
Այսօր նոր համակարգի ներդրաման առավելությունները ներկայացնելով՝ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյան հավատացրեցին, որ համակարգը կբացառի նախկին սխալները և այսպես ասած «մեռյալ հոգիներն» այլևս չեն ընդգրկվի կենսաթոշակառուների ցանկում և հետևաբար կենսաթոշակ չեն ստանա:
«Նոր համակարգի ճշտումներից հետո կենսաթոշակառուների թիվը 11.000 -ով պակասեց՝ 520. 000-ից դառնալով 509.000: Չենք կարող ասել, որ աշխատանքն ավարտվել է: Ներկայում էլ շարունակվում են աշխատանքները»,- ասաց Արտեմ Ասատրյանը և ավելացրեց, որ ճշգրտումների արդյունքում պետբյուջեից խնայվել է 11մլրդ դրամ:
Ըստ Հակոբ Հակոբյանի՝ համակարգն ամբողջապես կգործի 2012թ. հուլիսից: «Այդ ժամանակ արդեն հստակ կլինի, թե ինչքան ունենք կենսաթոշակ ստանալու անձ և ինչքան անձ կա, որոնց (կենսաթոշակ ստանալու) իրավունքը դադարեցված է»,- ասաց նա:
ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հավելեց, որ գումարները ծախսվելու են ըստ խնայողության:
«Ես չեմ ուզում խոսել 11մլրդ-ի չարաշահումների համար որևէ մեկին պատժելու մասին: Մեկ բան հաստատ գիտեմ՝ պետք է պայքարել լավի համար և եթե լինեն խնայողություններ, ապա կենսաթոշակներն էլի կբարձրացվեն»,- ասաց նա և ավելացրեց, որ վերջին երկու տարում կենսաթոշակների չափը բարձրացվել է 50 և ավելի տոկոսով:
Բացի այդ, ըստ բանախոսների, նոր համակարգը թույլ կտա կենսաթոշակ ստանալ բանկային համակարգի միջոցով՝ անկանխիկ ձևով:
«Ստացվում է, որ այդպիսով, մենք հենց առաջին օրն ուղարկում ենք կենսաթոշակները»,- ասաց Արտեմ Ասատրյանը և նշեց, որ ներկայում շուրջ 100.000 քաղաքացի իրենց կենսաթոշակներն ստանում են քարտերով, իսկ մարդկանց թիվն ամսական ավելանում է մոտ 3000-ով:
Փոխնախարարի խոսքերով կենսաթոշակառուն իր թոշակից ոչ մի դրամ չի ծախսում տվյալ կարգով թոշակ ստանալու համար, իսկ քարտերի համար անհրաժեշտ գումարն իր վրա է վերցնում պետությունը:
«ՀՀ քաղաքացին պետք է ոչնչի հետ կապ չունենա, նա միայն պետք է հայտնի իր ցանկությունը կենսաթոշակի հետ կապված, մնացածը կառավարության գործն է»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:









