Բաթումում նշել են Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարելիցը

16:57 • 29.02.12

Փետրվարի 28-ին, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի, Բաթումի Ս. Փրկիչ հայկական եկեղեցում կատարվել է հոգեհանգստի արարողություն, որի մասնակցել են Աջարիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցներ, հայկական կրթօջախների աշակերտներ և ուսուցիչներ:

Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության՝ արարողությունից հետո մասնակիցները ծաղկեպսակ են դրել եկեղեցու բակում գտնվող խաչքարին։ Ելույթ ունեցողները մեկ անգամ ևս նշել են, որ նման ոճրագործությունները մոռացության տալը ծնում է նոր ցեղասպանություններ, մարդկության դեմ գործվող նոր հանցագործություններ:

Երեկոյան Բաթումի Բարեկամության տանը «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել սումգայիթյան ջարդերին նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում:

Փետրվարի 26-ին նույն դահլիճում կայացել էր Խոջալուի դեպքերին նվիրված ֆիլմի ցուցադրություն, որի քննարկման ժամանակ ելույթ ունեցողները նշել էին, որ իրական փաստերը խեղաթյուրելու ադրբեջանական փորձերի ձախողման են մատնվախ։

Նշված միջոցառումները լուսաբանվել են վրացական Adjara TV և TV 25 հեռուստաալիքներով: