Ռումինիայում նշվել է Սումգայիթի ողբերգության 24-րդ տարելիցը
Փետրվարի 26-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվել է պատարագ և հետպատարագի հոգեհանգստի արարողություն` նվիրված Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին:
Ինչպես տեղեկանում ենք Արտգործնախարարության հաղորդագրությունից՝ պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, ռումինահայերի միության և Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ են դրվել եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին:
Արարողությանը հաջորդել է «Սումգայիթ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ օրվա թեմայով, կարճատև խոսքով ներկաներին դիմել էին դեսպան Համլետ Գասպարյանը և սենատոր Վարուժան Ոսկանյանը:
Օրվա բանախոս ռումինահայ գրող և հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը ներկաներին մեկ անգամ ևս հիշեցրել է 24 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործված դաժան ողբերգության մասին` ներկայացնելով ժամանակի պատմաքաղաքական միջավայրը և իրադարձությունների հետագա զարգացման վրա այդ ոճիրի ազդեցությունը:









