Սումգայիթում Ադրբեջանի գործողությունները պետք է որակել ցեղասպանություն. Լ. Ալավերդյան

15:41 • 29.02.12

Սումգայիթում Ադրբեջանի կողմից իրականացված հայերի սպանդը պետք է որակել որպես ցեղասպանություն, այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով «Սովորական ցեղասպանություն» փաստագրական ֆիլմի մասին։

Լարիսա Ալավերդյանը, ով ֆիլմի համահեղինակն է, ինչպես նաև  ծնունդով Բաքվից է , նշեց, որ ֆիլմում հստակ երևում է ,որ այդ գործողությունները իրականացվել են ոչ թե որոշ խուլիգանական խմբերի կողմից, այլ եղել են պետականորեն ծրագրված ցեղասպանություն:

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սումգայիթյան ողբերգության վերաբերյալ ՀՀ կառավարության մոտեցումը գալիս է դեռ 1990-ականներից, ինչը, ըստ նրա, անընդունելի է: «1990-ից այս կողմ պետական մակարդակով չենք տվել պատշաճ քաղաքական և դրանից բխող իրավական գնահատական, որպեսզի այն ներկայացվի թե՛ տարածաշրջանի և թե՛ միջազգային հանրությանը»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ինքը գրեթե երեք տարի է, ինչ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել մեկ հայատարարություն, որտեղ կոչ է արվում ճանաչել Ադրբեջանի կողմից տեղի ունենցած գործողությունները որպես ցեղասպանություն և կառավարության մակարդակով պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից:

«Սակայն այն դեռ չի ստացել դրական գնահատական: Ես ստիպված հետաձգում եմ, որպեսզի չհայտնվենք ավելի տարօրինակ վիճակում և այն մերժվի»,- բացատրեց նա և հավելեց, որ ՀՀ կառավարության անհասկանալի պասիվությունը վտանգավոր կարող է լինել: Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ի վերջո ԱԺ-ն կընդունի երկու հայտարարությունն էլ, որից մեկը ՀՅԴ-ի կողմից է առաջ քաշած, ինչից հետո արդեն կառավարությունը կպարտավորվի իրավական հմուտ փորձագետներ ընդգրկելով այս բոլոր վկայություններն ու փաստաթղթերը հասցնել տարաշածրջանային և միջազգային կազմակերպություններին:

Նա մատնանշեց Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական քարոզչության արդյուքնները: «Ապատեղեկատվությունը և սուտը ավելի արագաշարժ է լինում և երկարատև ազդեցութոյւն ունենում»,-ասաց նա:

«Սովորական ցեղասպանություն» ֆիլմի համահեղինակ Մարինա Գրիգորյանն իր հերթին ասաց, որ Սումգայիթի ողբերգական դեպքերի մասին պետք չէ խոսել միայն տարելիցի օրերին։ Նա նաև կոչ արեց օգտագործել այս հարցում նաև Սփյուռքի ներուժը՝ և հիշեցրեց, որ մյուս տարի Սումգայիթի ցեղասպանության 25-ամյա և Մարաղայի ցեղասպանության 20-ամյա տարելիցն է: