Կանենք ամեն ինչ, որ մարդիկ չունենան ընդվզելու պատճառներ. վարչապետ

18:56 • 29.02.12

Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի ՀՀ քաղաքացիները չունենան ընդվզելու պատճառներ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության պատմագավոր Անահիտ Բախշյանի հարցադրմանը, թե «այդ ինչ խժդժությունների է սպասում կառավարությունը», որ Ազգային ժողով է բերում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքը։

Տիգրան Սարգսյանը նաև ասաց, որ չի կիսում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի այն դիտարկումը, թե այս օրենքով Ազգային ժողովը վերածվում է «տրյապկայի»: «Ես համամիտ չեմ»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ եթե Ազգային Ժողովն ընդունում է օրենքներ, ապա բոլորը պարտավոր են հարգել դրանք:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, ըստ վարչապետի, պետք է դիտարկել երկու հարթության վրա: Առաջին հարթությունն այն է, թե արդյոք օրենքը համապատասխանում է այն ստանդարտներին, որ մեզ խորհուրդ են տալիս եվրոպացի փորձագետները:

Այստեղ ըստ վարչապետի` կա դրական պատասխան, իսկ երկրորդը քաղաքական հարթությունն է, որի դեպքում կառավարությունն ըմբռնումով է մոտենում նրան, որ «իրենց ընդդիմախոսներն առիթն օգտագործում են փաստարկներ հնչեցնելու համար»: