Վարչապետի և Տարոն Մարգարյանի դիրքորոշումը Մաշտոցի այգու վերաբերյալ նույնն է
Մաշտոցի այգու վերաբերյալ Տարոն Մարգարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքորոշումները նույնն են: Նրանք դեմ են, որպեսզի տաղավարներ լինեն մեր այգիներում, ընդ որում` մշտական կարգավիճակով:
Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` ի պատասխան այս հարցի, թե Մաշտոցի այգում կրպակների տեղադրմանը դեմ արտահայտված Տիգրան Սարգսյանն իր հատարարությամբ արդյո՞ք չի «փչացնում» այս մասին որոշում կայացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Դրա համար մենք ունենք հստակ մոտեցում, որ դրանք ժամանակավոր են և պետք է դուրս բերվեն: Հանրապետության նախագահի հանձնարարականով մենք այդ հարցը քննարկել ենք Տարոն Մարգարյանի հետ Հանրային խորհրդի ղեկավարի հետ և պատրաստվում ենք այդ ամբողջական մոտեցումները վավերացնել,որպեսզի մեր քաղաքացիները վստահ լինեն, որ Մաշտոցի այգում տաղավարներ չեն լինելու»:
Տիգրան Սարգսյանը հիշեցրեց նաև, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակվող «Հին Երևան» նախագծով այս բոլոր հարցերը լուծվելու են և այդ տաղավարները դուրս են բերվելու:
Թե ինչքան ժամանակ կտևի այդ «ժամանակավորը», վարչապետը պատասխանեց, որ այդ հարցին դեռ անդրադառնալու են և ամրագրելու են կառավարության որոշմամբ:
Ի պատասխան հարցին, թե ուշացած չի՞ համարում այս քայլերը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ համարում է, որ կարելի էր դրանք կատարել չորս տարի առաջ:









