Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայկական մրցանակաբաշխությանը

16:24 • 29.02.12

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել Հայկյան մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնադրամի կողմից Հայկյան մրցանակների են արժանացել 2011 թվականին երիտասարդական տարբեր բնագավառներում իրենց լավագույնս դրսևորած երիտասարդական և ուսանողական կառույցները: Պարգևները մրցանակակիրներին է հանձնել վարչապետը:

«Մրցանակաբաշխության ամենակարևոր նպատակը երիտասարդների շրջանում ակտիվության և ինքնակազմակերպման դրսևորումների խթանումն ու խրախուսումն է: Դրանով դուք ավելացնում եք մեր հասարակության ինքնակազմակերպման մակարդակը, որն այսօր ամենալուրջ խնդիրներից մեկն է՝ քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Շնորհավորելով մրցանակակիրներին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ դրանք նոր եռանդ կհաղորդեն երիտասարդներին հետագա գործունեության ընթացքում:

Հայկյան մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարադների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

«Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգում մրցանակի է արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բոլոնիան 2010-ից հետո ուսանողական միջազգային ամառային դպրոց» ծրագիրը, «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում՝ «Կոնրադ Ադենաուեր» գերմանական քաղաքական հիմնադրամը, «Լավագույն երիտասարդական հաղորդում» անվանակարգում՝ «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական ծրագիրը: «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում պարգևատրվել են Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների ուսանողական խորհուրդները: Մրցանակներ են հանձնվել նաև այլ անվանակարգերում: