ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

18:59 • 29.02.12

Այսօր՝ փետրվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Հուսեյին Դիրիոզին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցությանն առնչվող հարցերին: Երկուստեք դրական են գնահատվել կողմերի գործընկերային հարաբերությունները` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի շրջանակներում և կարևորվեց 2011թ. նոյեմբերին հաստատված ԱԳԳԾ նոր փուլի իրագործումը:

Դեսպան Դիրիոզը Դաշինքի անունից երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին հայկական զորախմբի բարձր մասնագիտական որակով մասնակցության հետ կապված: