Մարդու քաղաքական ճակատագիրն իր ձեռքում է, ցանկալի է, որ լինի նաև իր ուղեղում. Աշոտյան

10:48 • 01.03.12

Յուրաքանչյուր մարդու քաղաքական ճակատագիրն իր ձեռքերում է, և ցանկալի է, որ այն լինի նաև իր ուղեղում, Tert.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Միավորված աշխատանքային կուսակցությաշն (ՄԱԿ)» և Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) նախընտրական դաշինքը:

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ը երեկ կայացած համագումարի ժամանակ հայտարարեց, որ միանում է ԲՀԿ–ին և խորհրդարանական ընտրություններին սատարելու է հենց այս կուսակցությանը։

Այն, որ Արմեն Աշոտյանը համարվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության PR միտքն ու համակարգողը ԿԳ նախարարը համարում «կոմպլիմենտ», քանի որ իրեն այդպիսին չի համարում: «Եվ շնորհակալ եմ, որ իմ գործունեության մեջ տեսել եք տարրեր, որոնք թույլ են տալիս նման բարձր գնահատական տալ նվաստիս»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Հարցին, թե ՀՀԿ ինչ PR–ի կարիք ունի, Արմեն Աշոտյանն ասաց, որ նույնիսկ եթե մի բան էլ ունենա մտքին, չի պատմի: «Ուղղակի, ի տարբերություն շատ ու շատ ուժերի, մեր ասելիքն իրական է»,- ասաց ՀՀԿ-ական նախարարը:

Արմեն Աշոտյանը անհեթեթություն և «զառանցանք» համարեց մեկնաբանությունները, թե նախընտրական քարոզարշավից առաջ պետական բյուջետային միջոցների հատկացումները կամ տարբեր սոցիալական խավերին պետության կողմից պարտքերի զրոյացումը ՀՀԿ-ի կողմից չքողարկված նախընտրական կաշառք է: «Եթե թեթևացնում ենք հայ գյուղացու, մեր քաղաքացիների բեռը հետճգնաժամային այս տարիներին, ուրեմն կաշառո՞ւմ ենք»,– հարցրեց նախարարը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու այդ ամենը տեղի ունենում հիմա, նախարար Աշոտյանն ասաց. «Հիմա ենք տեսել այդ հնարավորությունը»:

Կրթության և գիտության նախարարը նաև ասաց, որ բոլոր երկրներում, բոլոր կառավարությունները նախընտրական շրջանում դառնում են էլ ավելի ակտիվ՝ սպասարկելու հասարակության շահերը: Եվ «էլ ավելի ակտիվն էլ» նշանակում է, որ մինչ այդ էլ քայլեր արվում են և դրանք են ջրօգտագործողների, սուբսիդիաների խնդիրները, որոնք նախորդ տարիներին ևս լուծվել են: