12 ինքնաձիգ, 9 գնդացիր, 4 ականանետ, ավելի քան 40 նռնակ և այլն. Զենք–զինամթերքի խոշոր բացահայտում Երևանում
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Երեկ ուշ երեկոյան մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել Երևանում։ Մասնավորապես, ինչպես aravot.am–ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ունեցել, որ իրենց վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում կա մեծ քանակությամբ զենք–զինամթերք։ Այնուհետև կազմված օպերատիվ խմբերը մի քանի օր օպերատիվ–հետախուզական աշխատանքներ են կատարել և համոզվել, որ այդ տեղեկությունները հավաստի են, ապա դիմել են Երևանի Ավան, Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղից էլ ստացել են խուզարկության որոշում։
Երեկ երեկոյան, ստանալով դատարանի թույլատրությունը, Նոր-Նորքի ոստիկանները Մոլդովական 12 հասցեում գտնվող նախկին կաթսայատանը կից շինության մեջ հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք–զինամթերք, այդ թվում՝ 12 հատ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ՝ իր պահունակներով, 9 հատ «ПK» տեսակի գնդացիր, 4 հատ հակատանկային ականանետ, СВД տեսակի հրազեն՝ դիպուկահարի հարմարանքներով, 4 տասնյակից ավելի F1 տեսակի նռնակներ և մեծ քանակությամբ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ։ Հայտնաբերվել են նաև մեծ քանակի «Ամունալ» և «Տրոտիլ» տեսակի պայթուցիկներ՝ իրենց պայթուցիչներով։
Ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել է, որ հայտնաբերված զենք–զինամթերքն այնքան շատ է, որ չի կարողանում թվարկել ամբողջական կազմը։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։
Նշված շինությունը պատկանում է Երևանի բնակիչ, Նոր-Նորքի 2-րդ զանգվածում գտնվող նախկին ուսանողական հանրակացարանի պարեկ, 47-ամյա Արշավիր Կարապետյանին։
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ապօրինի զենք-զինամթերք պահելը:









