Մարտի 1-ի զոհերի հարազատների համար իրենց երեխաների սպանությունը վաղուց բացահայտված է
«4 տարվա մեջ չբացահայտելով սպանությունները, իշխանություններն ապացուցեցին, որ հենց իրենք են սպանել մեր երեխաներին, մինչդեռ մեզ համար մարտի մեկի սպանությունները վաղուց բացահայտված են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհ դարձած Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը և հավելեց, որ «եթե նրանք կամք ու ցանկություն ունենային և նրանց մատը խառը չլիներ, ապա հաստատ կբացահատեին, որպեզի մեզ ցույց տային, որ իրոք չեն ուզեցել մեր երեխաների մահը»:
Ալլա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ փաստահավաք խումբը, երբ որոշակի առաջընթաց ունեցավ և գրեթե հասել էր սպանությունների բացահայտմանը, նրանց լուծարեցին:
Նա նշեց, որ կոնկրետ «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից սպանվածների գործում ոչինչ չկա բացահայտելու, քանի որ իրենց ամեն ինչ պարզ է: «Կորսված գարունի» (նկատի ունի Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը) մեջ ամեն ինչ ասվում է: Անձամբ ես իրենց հրամանատար Բագրատ Խաչատրյանի հարցաքննությունն եմ լսել, որ ասում ա, ես հրաման տվեցի Ավետիք Աթաբեկյանին, նա էլ չգիտեմ ում ասեց, նա էլ խփեց: Այդտեղ կանգնած էր Տիգրան Խաչատրյանը»,- շարունակեց զոհվածի մայրը և մանրամասնեց, թե այս 4 տարիների ընթացքում իրենք որպես զոհերի իրավահաջորդներ, 2008 թվականի հուլիսից այս կողմ երբևէ ՀՔԾ չեն հրավիրվել` գործին ծանոթանալու համար: Բացի այդ ըստ նրա` այս տարի ԵԽԽՎ-ի զեկույցում սպանությունների բացահայտման հետ կապված ոչ մի տող չէր ավելացվել:
Ալլա Հովհաննիսյանի խոսքով`դեռ ավելին` «անշնորհք ձևով զոհերին փորձել են ներկայացնել որպես մեղավորներ: «Մարտի 1-ի քրեական գործը վերահսկող դատախազ Կուրյուն Փիլոյանն առանց ամաչելու «Արմնյուզին» տված հարցազրույցում, ասեց, որ պետք չի խաղաղ ցուցարաններին հավասարեցնել այն մարդկանց հետ, ովքեր այդ պահին գտնվել են սպանության վայրում` Լեո, Պարոնյան փողոցներում, և որ նրանք եղել են անկարգության մասնակիցներ: Այսինքն 4 տարվա մեջ մեր դատախախազությունը և ՀՔԾ–ն զբաղված են, ոչ միայն սպանության բացահայտմամբ, այլ այն կոծկելով և ցանկանալով ինչ-որ մեղադրել ձևով զոհերին»,-ասաց նա:
Տիգրան Խաչատրյանի մայրը նշեց, որ գործը հասցվել է Եվրոպական դատարան և հույս հայտնեց, որ կարճ ժամանակում այստեղից կստատանան բոլոր հարցերի պատասխանները: « Գուցե նրանց չհաջողվի ստիպել դատապարտյալի աթոռին նստացնել մեր երեխանների սպանողներին հրահանգ տվողներին, բայց դրական լուծումներ Եվորդատարանի կողմից սպասում ենք»,-նշեց նա:
Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, ի տարբերություն Ալլա Հովհաննիսյանի, Եվրոպական դատարանից այդքան էլ սպասելիքներ չունի: Նա կարծում է, որ միակ պատիժը, որ կսահմանվի, դա ընդամենը զոհվածների ընտանիքներին փոխհատուցում նշանակելը կլինի, իսկ իրական մեղավորները ըստ նրա արժանի պատիժ կստատան միայն այս իշխանություների փոփոխությունից հետո: «Սերժ Սարգսյնի այն հայտարարությունը, թե մարտի 1-ի գործին պետք է նոր թափ տալ, ընդամենը շոու էր պրեսկոտներին ու մյուս միջազգային հանրությանը ցույց տալու համար, թե ինչ-որ բան արվում է, այնինչ իրականում հասկանալի է, որ իշխանափոխությունից երկու օր հետո արդեն կարելի է արդյունքի հասնել»,-ասաց նա:
Ըստ Սարգիս Քլոյանի` կոնկրետ իր որդու սպանությունն ինքը վաղուց բացահայտված է համարում: «Իմ տղան հատուկ միջոցների զոհ է, որն օգտագործել են չորս ոստիկան: Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին և Արմեն Ֆարմանյանին սպանել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից այդ 4 ոստիկանները»,- ասաց նա:









