«Ժողովուրդ». 5 տարի է` սերիալում նկարահանվելու առաջարկներ եմ ստանում, բայց մերժում եմ. Սոֆի Մխեյան
Օրեր շարունակ blognews.am կայքում մի հոդված է տեղադրված երգչուհի Սոֆի Մխեյանի մասին` վերնագրված «Նոր սերիալ` «Պատգամավորի աղջիկը» (գլխավոր դերում Սոֆի Մխեյան)»: Այս հոդվածի շուրջ բազմաթիվ քննարկումներ են ծավալվել, սակայն Սոֆին դեռ ոչ մի կերպ չի արձագանքել:
Հոդվածի հեղինակն է Գագիկ Թերլեմեզյան անունով մեկը, ով շատ կոպիտ է արտահայտվում երգչուհու մասին, իրեն թույլ տալիս ոչ կոռեկտ արտահայտություններ. «Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են մարդիկ, ում նայելիս խորը զզվանք ես զգում, ու բնավ էլ պարտադիր չէ, որ այդ մարդը շատ վատը լինի, շատ տգեղ կամ անտաղանդ: Նա ուղղակի կարող է ազդել վրադ իր շարժուձևով, գործերով ու ներկայությամբ: Դա ո´չ ավել, ո´չ պակաս տաղանդի կծիկ, գեղեցկության չափանիշ Սոֆի Մխեյանն է»:
«Ընդհանրապես չեմ ուզում խոսել այդ հոդվածի մասին, անտարբեր եմ, զրո ռեակցիա»,- թերթի հետ զրույցում ասել է Սոֆի Մխեյանը: Թերթի զրույցը երգչուհու հետ ներկայացնում ենք ստորև.
-Ի՞նչ էք կարծում, դա պատվեր էր Ձեր կամ Ձեր հոր դեմ:
-Միևնույն է, դա այնքան պրիմիտիվ է, որ ինձ անգամ չի հետաքրքրում: Նման մարդկանց ուշադրություն չեմ դարձնում: Ցավոք սրտի, ես չգիտեմ նա ով է, իսկ ես Սոֆի Մխեյանն եմ, ով սիրված է ու շարունակում է անել իր գործը: Ինչ վերաբերվում է հորս, արդեն հոգնել եմ նույն թեման քննարկելով: Բազմիցս շեշտել եմ` հպարտ եմ, ուրախ եմ, որ ունեմ նման հայր: Իմ հայրը պարզ ճակատով է քայլում առաջ, ինչպես նաև իր դուստրը: Շատ ծիծաղելի է այս թեման անընդհատ շահարկելը: Դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն, թող փորձեն մի քարը մյուսի վրա դնել: Վնասը հենց իրենց են անում, ոչ թե ինձ, հավատացնում եմ: Եթե բան ունես ասելու ու այդքան կաս, արի, աչքերիս մեջ նայիր ու ասա: Թող շարունակի ժամանակ վատնել այդպիսի հոդվածների վրա:
-Ընտանիքիդ անդամներն ինչպե՞ս արձագանքեցին:
-Մեր ընտանիքի արձագանքը զրոյական է, չենք անդրադառնում: Կրկնում եմ, մինչ ինքը զբաղվում է դրանով, ես շարունակում եմ աշխատել: Շատ շուտով կներկայացնեմ անակնկալ, ուղղակի հիմա չեմ ուզում բարձրաձայնել:
-Հնարավո՞ր է, որ այդ անակնկալը լինի սերիալի տեսքով, լսել եմ, որ նկարահանվելու առաջարկ եք ստացել:
-Մոտ 5 տարի է՝ ստանում եմ բազմաթիվ առաջարկներ, բայց մերժում եմ, քանի որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Ես այնքան գործ ունեմ անելու իմ ասպարեզում, որ ժամանակ չունեմ սերիալում նկարահանվելու:
-Նաև այսպիսի ծայրահեղ տեսակետ կա. այդ հոդվածը հատուկ պատվիրված է հենց Ձեր կողմից, քանի որ սև PR-ը լավ է աշխատում:
-Ես նման խնդիր չունեմ, առանց դրա էլ ամեն ինչ նորմալ է ընթանում: Անգամ ծիծաղելի է մտածել դրա մասին: Ուղղակի կցանկանամ, որ մարդկանց մեջ չյինի այդքան չարություն ու այդպես ինքնահաստատվելու խնդիր:










