Միթ Ռոմնիի հաղթարշավը շարունակվում է

08:47 • 01.03.12

ԱՄՆ նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Միթ Ռոմնին հաղթել է նաև Վայոմինգ նահանգում անցկացված հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում` ամրապնդելով  նախընտրական պայքարում առաջատարի իր դիրքերը: 

Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանագապետ Ռոմնին 39 տոկոս ձայն է հավաքել` հետևում թողնելով իր մյուս կուսակիցներ` Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիք Սանտորումին (32 տոկոս ձայն է հավաքել), ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչին (9 տոկոս ձայն), Տեխաս նահանգի կոնգրեսական Ռոն Փոլին (21 տոկոս ձայն):

Նախօրեին Ռոմնին հաղթանակ էր տարել նաև Միչիգան և Արիզոնա նահանգներում անցկացված նախնական ընտրություններում:

Նախնական ընտրությունների ընթացքում որոշվելու է Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն, որն էլ հենց մրցելու է դեմոկրատական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբամայի հետ:

ԱՄՆ նախագահական ընտրությունների համաժողովրդական քվեարկությունը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 6-ին: