Պուտինը «Մագնիտսկու օրենքի» ընդունումն անվանել է աբսուրդի թատրոն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրավաբան Մագնիտսկու մահը բանտում անվանել է ողբերգություն, իսկ արևմտյան երկրները, ըստ նրա, չպետք է ցուցումներ տան Ռուսաստանին, հայտնում է Life News-ը:
Պաշտոնյան հիշել է ամերիկյան տխրահռչակ Գուանտանամոյի բանտի մասին և հարցադրում արել. «Նրանց բանտերում ոչ ոք չի՞ մեռնում»:
Պուտինը նկատել է, որ միջնադարյան բանտային բարքերով ու խոշտանգումներով ամերիկացիները չպետք է իրենց ուղղություն ցույց տան:
Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ում «Մագնիտսկու օրենքի» ընդունման համատեքստում ՌԴ տարածաշրջանների օրենսդիր ժողովների ղեկավարների հետ հանդիպմանը:
Նախագահն ասել է նաև, որ ափսոսում է՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները զոհաբերվել են ներքաղաքական դիվիդենտներին: ԱՄՆ Սենատի բուն որոշումը Պուտինը համեմատել է աբսուրդի թատրոնի հետ:
Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի Սենատն ընդունել է Մագնիտսկու օրենքը (ռուսական բանտում սպանված իրավաբանի անունով), որով բազմաթիվ ռուսաստանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել:










