Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը

19:43 • 09.11.26

Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը սոցիալական ցանցերում հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե ինչու չի միացել ազգային ընտրանուն Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումների համար։

27-ամյա ֆուտբոլիստը, որը երկարատև դադարից հետո աստիճանաբար է վերադառնում խաղադաշտ, նշել է, որ դեռևս լիարժեք պատրաստ չէ ծանրաբեռնվածությանը, հատկապես որ նախկինում վնասվածքի կրկնություն էր ունեցել։

«Շատ եմ ցավում, որ Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին իմ հավաքականի կազմում չեմ: Վնասվածքիցս հետո նոր եմ վերադարձել խաղադաշտ և դեռ գտնվում եմ մարզավիճակս լիարժեք վերականգնելու փուլում: Այս ընթացքում ինձ համար շատ կարևոր է աստիճանաբար վերադառնալ խաղային ռիթմին, ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու խուսափել շտապողականությունից՝ հատկապես հաշվի առնելով, որ վնասվածքս կրկնվել էր:

Ակումբում խաղաժամանակս աստիճանաբար ավելացնելով՝ նպատակ ունեմ վերականգնելու անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությունս և գարնանային հատվածին մոտենալ լիարժեք մարզավիճակով, որպեսզի կարողանամ ամբողջ ուժով օգնել մեր ազգային հավաքականին: Մաղթում եմ մեր տղաներին հաջողություն առաջիկա խաղերում և վստահ եմ, որ նրանք կանեն առավելագույնը՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար: Հոգով և սրտով միշտ հավաքականի հետ եմ: Կհանդիպենք շուտով»,- գրել է հայ կիսապաշտպանը։

Տևական բացակայությունից հետո Բիչախչյանն առաջին անգամ խաղադաշտ էր վերադարձել հոկտեմբերի 30-ին՝ Լեհաստանի առաջնության «Գուրնիկի» դեմ խաղում փոխարինման դուրս գալով 73-րդ րոպեին։ Իսկ երեկ՝ նոյեմբերի 8-ին, Էքստրակլասայի 14-րդ տուրի «Ռակուվի» դեմ մրցավեճում (2:4), հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից և 63-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ։ Բոգդան Վյուննիկի փոխանցումից հետո նա տուգանային հրապարակի մատույցներից կատարած դիպուկ հարվածով բացել է իր գոլերի հաշիվն ընթացիկ մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել էր առաջիկա հանդիպումների հայտացուցակը։ ՀՖՖ-ի պաշտոնական պարզաբանման համաձայն՝ Վահան Բիչախչյանը, Կամո Հովհաննիսյանն ու Էրիկ Սիմոնյանը նոր են ապաքինվել վնասվածքներից և դեռևս լիարժեք մարզավիճակում չեն։ Բացի այդ, վնասվածքների պատճառով ազգային թիմին այս հավաքի ընթացքում չեն կարող օգնել նաև Էդուարդ Սպերցյանը, Հենրի Ավագյանը, Սերգեյ Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Ֆինն Գերագուսյանը։

Հավելենք, որ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի եզրափակիչ տուրերում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 15-ին Ռիգայում կհյուրընկալվի Լատվիային։ 4-րդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Չեռնոգորիան, Կիպրոսն ունի 7, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1 միավոր։

Աղբյուրը`ArmSport.am