Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում թունավորված երեխաներից 11-ը դուրս են գրվել. ԱՆ

15:33 • 30.11.14

Նոյեմբերի 28-ին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն քաղաքի թիվ 1 մանկապարտզից մեկից թունավորման ախտանիշներով տեղափոխված ավելի քան 50 երեխաներից 11–ն այսօր դուրս է գրվել։

 

Հիվանդներին վաղ հայտնաբերելու նպատակով շարունակվող բակային համայցերի արդյունքում Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն հոսպիտալացվել է ևս 2 երեխա, ինչպես նաև դաստիարակչուհիներից մեկը։


«Դաստիարակչուհու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլորն անհրաժեշտ բուժում են ստանում, ինչի արդյունքում նրանց առողջական վիճակը բարելավվում է»,-հաղորդեցին նախարարությունից։


Ըստ տրամադրված տեղեկատվության՝ նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ի դրությամբ մանկապարտեզում արձանագրված թունավորումից Եղվարդի հիվանդանոցում շարունակում է բուժվել 3-6 տարեկան 41 երեխա և 1 մեծահասակ։ Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 փոքրիկ։ Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 երեխայի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է։ Առողջական դրական տեղաշարժ է նկատելի նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող փոքրիկի մոտ։


«Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, հիվանդանոցային բուժում են ստանում 60 երեխա և 1 մեծահասակ։ Հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։ Երեխաների առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական վերահսկողության ներքո»,-տեղեկացրին ԱՆ լրատվական ծառայությունից:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ «սննդային թունավարում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ: