2014թ. միակ ձեռքբերումը Թուխմանուկի հանքի շահագործման բացասական եզրակացությունն էր. բնապահպան

22:24 • 05.01.15

Բնապահապանական ոլորտում 2014թ.-ի շոշափելի ձեռքբերումը Թոխմանուկի հանքի շահագործմանը տրված բացասական եզրակացությունն էր. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

«Բնապահպանության նախարարության այս որոշումից մենք էլ էինք շատ զարմացած, որովհետև մինչ օրս բոլոր հանքերը, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, միևնույնն է՝ շահագործվել են: Այստեղ մեզ համար խնդիր է նաև այն, որ նախնադարյան ձևերով են շահագործում»,-ասաց նա և ընդգծեց, որ սա հենց ակտիվ բնապահպանների արդյունքն է, որոց պայքարի շնորհիվ պահպանվեց Թուխմանուկը:

Անդրադառնալով ոլորտի բացթողումներին՝ Սիլվա Ադամյանը նշեց, որ դրանք շատ են, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում:

«Հանքարդյունաբերության  ոլորտում ունենք օրենքի հետ կապված լուրջ խնդիրներ: Ներկայիս օրենքներով այն չի կարող օգուտ բերել երկրին ու լցնել ազգային բյուջեն»,-ասաց նա:

Մյուսը խնդիրը, ըստ բնապահպանի, Արարատյան արտեզյան ջրավազանի և Սևանա լճի խնդիրն է:

«Կառավարությունը և Ազգային ժողովը որոշում ընդունեցին Սևանից հավելյալ ջուր բաց թողնել՝ Արտեզյան ավազանում առաջացած ջրի սակավության հարցը լուծելու համար: Մենք հանդիպումներ ենք ունեցել ԱԺ-ում, հորդորել ենք փորձաքննություններ անցկացնել ու փորձում էինք ապացուցել, որ իրականում որոշումը չի տա այն արդյունքը, ինչ ակնկալում են գյուղացիները: Միակ դրականն այն էր, որ կարողացանք անել այնպես, որ որոշումը ընդունվի ոչ թե հինգ, այլ մեկ տարով»,-ասաց նա:

Եվս մեկ խնդիր Սիլվա Ադամյանը համարեց գայլերի սպանդի համար բյուջեից դուրս գրվող խրախուսական գումարները: Նա ընդգծեց, որ ծրագիրն իրականացվում է արդեն երեք տարի, բայց որևէ արդյունք չի տվել՝ գայլ-գյուղացի պայքարը շարունակվում է:  

«Գյուղացիները վերջապես հասկացել են, որ մենք ճիշտ ենք, որ այդ սպանդը որևէ օգուտ չունի, և իրենք շարունակում են տնտեսապես տուժել: Նախարարությունը պետք է մտածի, թե ինչ անի, որ խնդրին իրական լուծում տրվի»,-ասաց նա: