Ս. Խաչատրյանի վերանշանակումը՝ 2014թ.-ի անակնկալ, ԵՏՄ անդամակցությունը՝ 2015թ.-ի անհանգստություն. Ա. Իշխանյանը` մարդու իրավունքների ոլորտի մասին
Սին մտավարժանք է սպասելիքներ ունենալը, որ 2015 թ. մարդու իրավունքների ոլորտում կարող է ինչ-որ դրական փոփոխություն լինել. Tert.am-ի հետ զրույցում նոր տարվա ակնկալիքների մասին կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ ամփոփելով նաև անցած տարին:
«Մեր նման երկրներում, որտեղ ոչ թե գործում է օրենքը, որտեղ ոչ թե բոլորը օրենքի առաջ են հավասար, այլ օգտագործվում է իշխանության քաղաքական կամքը, եթե կարող ենք արձանագրել իրավիճակի անփոփոխ վիճակ, էլի դրական է, բայց մարդու իրավունքների ոլորտում նախորդ տարին աչքի ընկավ՝ բացասական իմաստով»,-նշեց նա:
«2014թ.-ի հիմնարար ազատությունների մասին եթե խոսենք՝ խոշտանգումներ, ձերբակալություներ և այլն, դրա նախորդ տարվա համեմատությամբ առանձնապես փոփոխություների չեն ենթարկվել, միակ փոփոխությունն այն է, որ 2014թ.-ը համապետական ընտրությունների տարի չէր, բայց ընդհանուր իրավիճակը նույնն էր՝ և՛ ոստիկանության պահվածքը, և՛ իրավիճակը ՔԿՀ-ներում, և այլն»,-ասաց նա և թվարկեց, իր բնութագրմամբ, ամենաաղմկահարույց դեպքերը՝ ըստ հաջորդականության:
«Բացասական անակնկալը Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումն էր նույն պաշտոնում: Կարծես թե պաշտոնի նշանակվելն առանձնապես կապ չունի մարդու իրավունքների հետ, բայց Սուրիկ Խաչատրյանի նշանակումը ցույց տվեց իշխանությունների վերաբերմունքը մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ, որովհետև Սուրիկ Խաչատրյանն իր հարազատների հետ միասին հայտնի է հասարակության մեջ՝ հատկապես Սյունիքում կամայական ցանկացած քայլի դիմող, մարդկանց ծեծող, սպանող անձնավորություն: Իսկ նման անձնավորության նշանակել մարզպետ, նշանակում է՝ թքած ունենալ մարդու արժանապատվության վրա»,-ասաց նա:
Հաջորդ արտառոց դեպքը, ըստ նրա, Շանթ Հարությունյանի և իր ընկների նկատմամբ «դաժան դատավճիռներն էին». «Մենք նրանց քաղբանտարկյալներ բնորոշեցինք. մեկ տարի կալանքի տակ պահելուց հետո նրանց նկատմամբ նման դաժան վճիռներ կայացվեցին, որոնք հստակ գնահատական էին Շանթի պայմանական գործողությունների նկատմամբ»:
Վերջին ամենաաղմկահարույց միջադեպը իրապավաշտպանը համարեց տարվա վերջում «իշխանության ինչ-ինչ օղակների կողմից մատուցված նվերը, որը պետական ահաբեկչությունն էր ընդդիմադիր մի շարք գործիչների նկատմամբ»:
«Դա Նախախորհրդարանի դեպքն էր, ազատամատիկների և քաղաքական գործիչների նկատմամբ հաշվեհարդարը և փորձը՝ վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում: Շատ հետաքրքրական էր, որ դրան զուգահեռ հնչում էին ՀՀ ոստիկանապետի և փոխոստիկանապետի շատ հետաքրքիր արտահայտությունները. մասնավորպես ոստիկանապետը Նախախորհրդարանի մեքենաների հրկիզումների մասին ասում էր, թե ինչպե՞ս է եղել, որ դրանք հրկիզվել են այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկային: Ուղղակի շատ ծիծաղելի է, այսինքն՝ եթե Հայաստանում տեսախցիկներ ընդհանրապես չլինեին, ուրեմն ոստիկանությունը որևէ հանցագործի չպետք է բացահայտեր: Կամ՝ ազատամատիկները չեն դիմել իրենց, որ բացահայտվի. հայտնի է, որ նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է անկախ դիմումից քրեական գործ հարուցել և բացահայտել»,-ասաց նա:
Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաև ՀՀ արտաքին քաղաքականության հարցերին, մասնավորապես՝ հունվարի 1-ից ԵՏՄ անդամակցությանը:
«Իհարկե, անունը տնտեսական միություն է, բայց հայտնի է, որ սա քաղաքական միություն է լինելու, և շատ մեծ անհանգստություն կա, որ ոչ միայն տնտեսական , այլ նաև քաղաքական, իրավական, ժողովրդավարության հարցերում այլ խաղի կանոններ կլինեն, որոնք արդեն կան այդ երեք երկրներում: Հայաստանը ինչ-ինչ ազատությունների չափով մի փոքր տարբերվում է մյուս երկրներից, և մտահոգություն կա, որ եթե նմանակի, կամ ստիպեն իրեն նմանվել, ապա Բելառուս, ՌԴ, Ղազաստան՝ 3 երկրների վիճակին կհասնի: Այդ երկրներում գործում է միապետի միանշանակ կամքը՝ ցար ասեմ, բատկա ասեմ, թե սուլթան: Հայաստանն այդտեղ ինչ-որ իմաստով լինելու է խորթ զավակի կարգավիճակում. այստեղ մարդու իրավունքների սկզբունքների հարցը շատ անհանգստացնող է»,-եզրափակեց նա:










