«Պրավիյ սեկտորը» հրաժարվել է ենթարկվել Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը

16:32 • 06.01.15

«Պրավիյ սեկտոր»-ի կամավորները հրաժարվել են ենթարկվել Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը: Այդ մասին պատմել է երկրի նախագահի խորհրդական Յուրի Բիրյուկովը երկուշաբթի օրը՝ հունվարի 5-ին ուկրաինական «5-րդ ալիքին» տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ անձամբ է առաջարկել «Պրավիյ սեկտոր»-ին ամբողջական օրինականացման մեխանիզմ՝ զինված ուժերի կազմ ընդգրկվելու ճանապարհով, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Նրանց բազմաթիվ տարբերակներ է առաջարկվել, որոնք անպայման նախատեսում էին պայմանագրով ծառայություն»,- նշել է Բիրյուկովը: Նա բացատրել է, որ համագործակցության այլ տարբերակներ չեն կարող լինել, քանի որ զինված ուժերը ենթադրում են սուբորդինացիա և միասնական հրամանատարություն:

Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ընթացքում կազմակերպության ուժային հատվածը վերափոխվել է «Կամավորական ուկրաինական կորպուսի» և սկսել մասնակցել անջատողականների դեմ մարտերին՝ չունենալով ուկրաինական բանակի ներսում պաշտոնական կարգավիճակ: