ԱՄՆ Պետդեպն անհանգստություն է հայտնել շփման գծում վերջին օրերի դեպքերի առնչությամբ

11:25 • 06.01.15

Միացյալ Նահանգները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում զինված միջադեպերի առնչությամբ և կոչ են անում կողմերին բանակցությունների միջոցով հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև վերջին օրերի հրադադարի խախտման դեպքերը:

«Մենք անհանգստացած ենք վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումների, ինչպես նաև զոհերի մասին հաղորդագրություններով: Այս միջադեպերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  հանձնառությանը»,- ասել է ամերիկացի դիվանագետը:

Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր «շարունակում են կոչ անել երկու կողմերին բանակցություններ վարել, որը կբերի խաղաղության համաձայնագրի և միջոցներ ձեռնարկել շփման գծի և սահմանի երկայնքով նման դեպքերի հավանականությունը նվազեցնելու համար»:

«Դա շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն. հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին 2 ՊԲ զինծառայողներ:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի ակտիվությունը ճնշելուն ուղղված գործողության ընթացքում սպանվել է ադրբեջանական զինուժի առնվազն 3 զինծառայող: