Ուրուգվայի արտգործնախարարը կոչ է արել միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Ուրուգվայի արտգործնախարարությունը կիրակի օրը՝ հունվարի 4-ին Հայ Դատի Հանձնախմբի միջազգային և Ուրուգվայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո կոչ է արել միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հաղորդում է horizonweekly.ca-ն:
Ինչպես նշվում է երկրի արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունում, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն հանդիպում է ունեցել Հայ դատի միջազգային հանձնախմբի և Ուրուգվայի հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը: Արտաքին գործերի նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման միջադեպերը, որոնք տեղի են ունենում աճող պարբերականությամբ:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Ուրուգվայը սպասելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի եզրակացություններին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին որոշում ընդունելու համար:
Ուրուգվայի արտգործնախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ «հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որպես անկախ պետություն՝ 1918 մայիսից 1920 դեկտեմբեր ժամանակահատվածի սահմաններով»:










