Գյումրիի ոստիկանները հայտնաբերել են մարմնական վնասվածքներ պատճառողին
Հունվարի 4-ին` ժամը 02.30-ին, ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, 1963 թ. ծնված Վազգեն Կ.-ն և հայտնել, որ նույն օրը` ժամը 01.30-ի սահմաններում, Գյումրիի Գ. Նժդեհի փողոցի թիվ 5\11 շենքի դիմաց անհայտ անձը ռետինե մահակով հարվածել է իր դեմքին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Վազգեն Կ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վազգեն Կ.-ին մարմնական վնասվածքները մետաղապլաստե խողովակով հասցրել է 1975 թ. ծնված, նախկինում երկու անգամ դատապարտված Գոռ Խ.-ն, որը հունվարի 7-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին:
Վերջինս ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:










