Ձյունը սահմանափակել է երթևեկությունը Վրաստանի ճանապարհներին, փակ է վրաց-հայկական սահմանը

14:54 • 08.01.15

Վրաստանի կենտրոնական մայրուղիներում երթևեկությունը  սահմանափակ է ձյան պատճառով, հայտնում է երկրի ենթակառուցվածքների և շրջանային զարգացման նախարարության ավտոճանապարհների վարչությունը, փոխանցում է newsgeorgia.ru-ն։  

Դեռ շարունակում է փակ մնալ ճանապարհը դեպի վրաց-ռուսական սահման, մասնավորապես՝ Գուդաուրի-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Պասանաուրի-Գուդաուրի հատվածում դեռևս արգելված է ավտոբուսների երթևեկությունը, իսկ Մլետա-Գուդաուրի և Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում մարդատար ավտոմեքենաները կարող են տեղաշարժվել միայն հատուկ շղթաներով։

Փակ է ճանապարհը վրաց-հայկական սահմանին, Նինոծմինդա հատվածից (Ախալցխա-Նինոծմինդա) մինչև Հայաստանի սահման։