Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները հրաժարվել են վերատպել Charlie Hebdo-ի ծաղրանկարները
Ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունները հրաժարվել են վերատպել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք դարձել են ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի գրասենյակի վրա կատարված հարձակման պատճառ, գրում է gazeta.ru-ն:
The New York Times-ը, The Wall Street Journal-ը, Reuters-ը և Associated Press-ը հայտարարել են, որ չեն հրապարակի կրոնական զգացմունքները վիրավորող ծաղրանկարները: Ինչպես հաղորդվում է` ծաղրանկարները վերատպել են միայն The Daily Beast և Slate առցանց պարբերականները:
«Տվյալ հարցի մանրակրկիտ քննարկումից հետո Times-ի խմբագիրները որոշել են, որ ծաղրանկարների նկարագրությունն ընթերցողներին բավականաչափ տեղեկություն կտա այսօրվա պատմությունն ընկալելու համար»,- ասել է New York Times Company-ի մամուլի քարտուղար Դանիել Ռոադեսը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ դանիական Berlingske թերթը վերատպել է Charlie Hebdo երգիծական ամսագրի ծաղրանկարները: Թերթի ներկայացուցչի խոսքով՝ դրանք տեղադրվել են ոչ թե որպես աջակցության կամ լրագրողների վրա հարձակման դեմ բողոքի նշան, այլ «փաստագրում» են, որոնց շնորհիվ կարելի է տեսնել, թե ինչ տեսք ուներ ամսագիրը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին 3 հանցագործ ներխուժել էր խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակումն իրականացնողներին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից: Հարձակման ընթացքում զոհվել է 12, վիրավորվել` 11 մարդ:











