Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում գրանցվածներերից շուրջ 2000-ն արդեն աշխատում է
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնում գրանցված 7000 սիրիահայերից 2000-ն արդեն ապահովված են աշխատանքով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց կենտրոնի ներկայացուցիչ Նաիրա Եդիգարյանը՝ միաժամանակ պարզաբանելով, որ գրանցված 7000 սիրիահայի շրջանում կան նաև երեխաներ ու տարեցներ, որոնք չեն կարող աշխատել:
«Ունենք ընտանիք, որի երեք անդամն աշխատում է: Աշխատանքի մեջ հաճախ առաջանում են լեզվական խնդիրներ, այդ պատճառով մենք ռուսերեն լեզվի դասընթացներ ենք անցկացնում, որպեսզի սպասարկման ոլորտում նվազագույն ռուսերենով կարողանան աշխատել»,-ասաց նա:
Նաիրա Եդիգարյանը նշեց, որ իրենք իրականացնում են նաև իրավաբանական, կրթական աջակցություն:
«Մենք կրթությունը ընտրել ենք որպես ինտեգրացիայի ամենակարճ ճանապարհ, և սիրիահայ ուսանողներին կրթաթոշակ վճարելը արդեն իսկ մեծ գործ է: Բոլոր սիրիահայերը, որոնք մտնում են հանրապետություն, արդեն իսկ մեր մասին գիտեն, եղել է դեպք, որ մարդը եկել է գրանցվելու և մենք արձանագրել ենք, որ նա ընդամենը առավոտյան է եկել Հայաստան, իսկ երեկոյան՝ մեր կենտրոն: Մենք տալիս ենք նաև ֆինանսական օգնություն, երբ մարդիկ ծանր կացության մեջ են, բնակվարձի հատուցում, համագործակցում ենք զբաղվածության պետական ծառայության, ինչպես նաև՝ անհատ ձեռներեցների հետ»,-ասաց նա:
Հարցին, թե կա՞ն սիրիահայեր, որոնք ստանալով իրենց անհրաժեշտ աջակցությունը՝ դուրս են եկել կենտրոնից, նա պատասխանեց. «Կենտրոնից դուրս չեն գալիս, մնում են տվյալների բազայում, որովհետև նրանք մեր շահառուներն են, և նույնիսկ եթե չունեն ֆինանսական օգնության կարիք, մշակութային միջոցառումներին մասնակցում են: Սա ինտեգրացիային ուղղված քայլ է»,-ասաց նա:










