Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցները Դատախազությանը 22 ժամ ժամանակ տվեցին՝ սպանդի կասկածյալին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու համար
18.47
Բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ դատախազությանը 22 ժամ ժամանակ տվեցին, որպեսզի Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պրեմյակովին հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին։
Որոշումը կայացվեց քվեարկությամբ, ըստ որոշման՝ հուղարկավորումից հետո գյումրեցիները վաղը ժամը 17։00-ին հավաքվում են Շիրակի դատախազության առջև, Հաղթանակի պողոտայում՝ իմանալու պատասխանը։
«Դատախազը կփոխանցի այսօր իր վերադասին, թող քննարկեն, նիստ անեն, ռուսներին խառնեն իրար, Սահմանդրությունը խառնեն իրար։ Վաղը ժամը 5-ին մի մարդու նման հավաքվում ենք ու կիմանաք՝ ինչ անենք»,-հայտարարեց Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
18.26
Բողոքի մասնակից գյումրեցիները Շիրակի մարզի դատախազին խնդրեցին զանգահարել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի իրենց պահանջի պատասխանից ելնելով՝ որոշեն իրենց հետագա քայլերը։
Բոլորի ներկայությամբ խոսելուց հետո, դատախազը փոխանցեց Գևորգ Կոստանյանի խոսքերը, որ քննարկումները տեղի են ունենալու այսօր երեկոյան և վաղն առավոտյան։
«Այս պահին էլ խորհրդատվություն է գնում, որը վաղն առավոտյան նույնպես շարունակվելու է։ Խորհրդակցությունների ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ, թե ինչ է կատարվելու նշված քրեական գործում»,-հայտարարեց նա։
Այս պահին հավաքվածները որոշում են անելիքները։
18.21
Գյումրիում 102-րդ ռազմաբազայի մոտ է ժամանել Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Նա հայտարարեց, որ այսօր եղել է Երևանում՝ Գյումրիում տեղի ունեցած սպանությունների գործի հետ կապված նորություններ իմանալու համար, ինչի մասին ցանկանում է տեղեկություններ հաղորդել գյումրեցիներին:
Վերջինս վստահեցրեց, որ հունվարի 12-ին տեղի ունեցած ընտանիքի սպանության քրեական գործը իրավապահ մարմիններին չի ուղարկվելու և ՀՀ իրավապահ մարմինների կողմից նախաքննությունը շարունակվում է:
«Պրեմյակովն արդեն որպես մեղադրյալ ներգրավվել է քրեական գործում, սա նշանակում է, որ մենք իրականացնում ենք մեր նախաքննությունը, անկախ նրանից, որ իրենց մոտ է նա գտնվում: Ես հասկանում եմ ձեր զգացմունքայնությունը, մենք էլ ենք հայ, մենք էլ երեխաներ ունենք, սա մեր ազգի ողբերգությունն է, բայց եկեք այնպես չանենք, թե մեկը մտահոգ է, մեկը՝ ոչ, ես երկու օր է հանգիստ չունեմ: Ուզում եմ, որ որևէ մեկը ձեզ թյուրիմացության մեջ չգցի, որ իբր ՀՀ իրավապահ մարմիններին մեղադրյալին հանձնելու հարցը վերացել է, նման բան չկա»,-վստահեցրեց դատախազը:
Գյումրեցիների այն դիտարկմանը, թե հանցագործությունը կատարվել է ռազմաբազայից դուրս, հետևաբար ռուսական կողմը պետք է հանձնի սպանության մեջ կասկածվողին, պատասխանեց. «Չեմ ուզում իրավական գործընթացների մասին կարծիք հայտնել, դրա մասին վաղաժամ է խոսել, մենք պետք է միասնականություն դրսևորենք»:
Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ հավաքը գործին օգուտ չի տալիս և հորդորեց հավաքվել օրինակ՝ Գյումրու դատախազության մոտ կամ ոստիկանության շենքի, բայց ոչ ռազմաբազայի:
«Ավելի լավ է գնանք դատախազության մոտ ինչքան մարդով կուզեք, քան ստեղ… Դժվար թե որևէ մեկը մարզի դատախազից ավելի մտահոգ է, կներեք իհարկե, բայց ոչ մեկ ավելի մտահոգ չէ»,-ասաց նա:
Դատախազին դեռևս չի հաջողվում հավաքվածներին համոզել՝ լքել տարածքը: Գյումրեցիները շարունակում են կանգնած մնալ ռազմաբազայի շրջակայքում:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Գյումրիում հավաքված ցուցարարները պահանջում են կասկածյալին հանձնել ՀՀ իրապավահ մարմիններին։










