Ես հասկանում եմ մարդկանց զգացմունքները, բայց խնդրում եմ սթափ գնահատել. Նիկոլայ Ռիժկովը` Գյումրիի սպանության մասին. Panorama.am
Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, հնարավոր է ամենուր, բայց դա չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը:
Ն. Ռիժկովն իր անկեղծ ցավակցություններն է փոխանցել տեղի ունեցածի առթիվ և վստահեցրել, որ Հայաստանում տեղի ունեցածի առթիվ ցավ են ապրում բոլոր այն անձինք, ովքեր գիտեն Գյումրին ու բարեկամաբար են տրամադրված Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ:
Նրա խոսքով՝ այս օրերին, թե ինքը, թե իր գործընկերները դժվարությամբ են ընկալում տեղի ունեցածը. «Այն, ինչ տեղի ունեցավ, առհասարակ դժվար է պատկերացնել. ինչպե՞ս կարող է մարդ անել այն, ինչ կատարվել էր այդտեղ: Ցավոք եղել է այն, ինչ եղել է: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ հայ ժողովրդին, ցավակցում ենք Գյումրիի բնակիչներին, սպանվածների հարազատներին ու բարեկամներին»:
Անդրադառնալով միջադեպի քննությանը՝ Նիկոլայ Ռիժկովը նշել է, որ պետք է խստորեն հետևել օրենքի պահանջներին. «Ակնհայտ է, որ պետք է առաջ ընթանալ օրենքի պահանջներին խիստ համապատասխան: Մենք համաձայնագիր ունենք, առկա են բազմաթիվ փաստաթղթեր, և տվյալ դեպքում քննությունը, բոլոր ընթացակարգերը պետք է իրականացվեն համատեղ՝ ռուսական և հայկական կողմերի մասնակցությամբ: Դուք գիտեք, որ մեզ մոտ երկրի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, չափազանց անհանգստացած են: Այսինքն՝ դա մեզ բոլորիս ցնցել է: Ես բացարձակապես վստահ եմ, որ օբյեկտիվ քննություն կլինի, երբ միասին կնստեն և Հայաստանի, և Ռուսաստանի ներկայացուցիչները, ու դա ոչ մեկին հնարավորություն չի տա ասելու, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան ճիշտ չի գնահատել: Պետք է խնդիրը միասին լուծել»:
Իր խոսքում Ն. Ռիժկովը նշեց, որ տեղի ունեցած ողբերգությունը քաղաքական շահարկումների ենթարկելու փորձեր է նկատում:
«Ցավոք սրտի, ողբերգությունների վրա ոմանք քաղաքականություն են իրականացնում: Ցավալի է, բայց այստեղ ոչինչ անել հնարավոր չէ: Կարծում եմ՝ դժվար է պատկերացնել, որ չէր գտնվի որևէ մեկը, ով կօգտագործեր այս փաստը հայ ժողովրդի հետ մեր փոխհարաբերությունների կտրվածքով: Ես հասկանում եմ, որ հայ ժողովրդի զգալի հատվածը մարդիկ են, ովքեր մեր ընկերներն են, բարեկամները: Բայց կան մարդիկ, ովքեր այնքան էլ հակված չեն, որպեսզի մենք բարեկամություն ունենանք, նրանք բացարձակապես այլ տեսակետներ ու նպատակներ ունեն, ուստի նրանք կփորձեն ամեն կերպ օգտագործել այս ողբերգությունը, որպեսզի մեր բարիդրացիական հարաբերությունները տուժեն»,- ասել է նա։
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։










