Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հակամարտության սրումը, Բաքուն և Երևանը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն. Մեդվեդև
Ռուսաստանը սկսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ հրապարակելով իր տեսակետը. նստել բանակցային սեղանի շուրջ ու դադարեցնել կրակը՝ ով էլ որ եղած լինի հրահրողը։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։
«Հասկանում եք, այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ, ինձ թվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես պետություն, ազդեցիկ պետություն, որը գործընկերային ու դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, պետք է անի հնարավորը, որպեսզի այդ հակամարտությունը չձգձգվի ու չմտնի մշտական փուլ։ Այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, և՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ցուցադրելով մեր դիրքորոշումը»,-ասել է Մեդվեդևը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հետևյալն է. «ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հակամարտության սրումը, ինչ էլ պատահի, ով էլ որ սկսի, այժմ կարևորը հանդարտվելն ու կրակը դադարեցնելը, հրադադար հայտարարելն ու բանակցային սեղանի շուրջ նստելն է»։
Վարչապետը նշել է, որ հեռախոսազրույցներին այլ շփումներ են հետևել. Մոսկվա են ժամանել գլխավոր շտաբերի պետերը՝ հրադադարի կոնկրետ ռազմական ասպեկտները քննարկելու, նաև՝ դիվանագիտական շփումներ են եղել։
«Քանի որ ես հատուկ այց պետք է կատարեի Հայաստան, նպատակահարմար էր, որ ես այցելեի և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան ու երկու երկրների ղեկավարների հետ տեղում քննարկեի այն իրադրությունը, որն ստեղծվել է»,-հավելել է Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարել էր, թե Ղարաբաղում խաղաղության հաստատումը կապահովի ողջ տարածաշրջանի զարգացումը։










