Պենտագոնն անհանգստացած է Բալթիկ ծովի երկնքում ամերիկյան ինքնաթիռի նկատմամբ ռուսական Սու-27-ի գործողության առնչությամբ
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը հայտնել է, որ Բալթիկ ծովի երկնքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռի նկատմամբ ռուսական Սու-27 կործանիչի իրականացրած գործողությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրմանը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան։
«Օդաչուի ոչ պրոֆեսիոնալ ու անվտանգ գործողությունները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների սրմանը»,- ասել է զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ամերիկյան RC-135 օդանավը «սովորական թռիչք է իրականացնելիս եղել միջազգային օդային տարածքում», երբ ռուսական կործանիչը մոտեցել է նրան ու «ոչ անվտանգ» մանևր իրականացրել։ Ըստ meduza.io-ի՝ ռուսական Սու-27-ը գտնվել է ամերիկյան օդանավից մոտ 7.5 մետր հեռավորության վրա։
Ընդհանուր առմամբ, վերջին տարում, Պենտագոնի ներկայացուցչի խոսքով, մի քանի նման միջադեպ է տեղի ունեցել, երբ ռուսական ռազմական օդանավերը շատ են մոտեցել ամերիկյան նավերին ու օդանավերին, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում։
«Մենք անհանգստացած ենք նման վարքից», - ասել է նա։










