Կասպշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ պարտավորություններ չենք ստանձնել. Ալիևի աշխատակազմ

15:21 • 18.05.16

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի լիազորություններում էական փոփոխություններ չեն կարող լինել, հայտարարությունում նշված է Մինսկի խմբի դիրքորոշումը, Ադրբեջանն այդ առիթով պարտավորություններ չի ստանձնել: Այդ մասին ադրբեջանական ANS-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

 

Նովրուզ Մամեդովը, մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը, հայտարարել է. «Անջեյ Կասպշիկի լիազորությունենրում էական փոփոխություններ չեն կարող լինել: Այնտեղ նշված է Մինսկի խմբի դիրքորոշումը, մենք այդ առիթով պարտավորություններ չենք ստանձնել»:

 

Մամեդովի խոսքով՝ Ադրբեջանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնություն է տվել հետագա բանակցությունների շարունակման նպատակով հրադադարի ռեժիմի ամրապնդմանը։


«Ամենակարևորը, որ այսուհետ պահպանվի հրադադարի ռեժիմը, չլինեն սադրանքներ և որ մենք հունիսին սկսենք բանակցային գործընթացը»,- ասել է նա:

 

Նշենք, որ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը հակասում է Վիեննայի հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրի հայտարարությանը, որում ասվում էր հետևյալը. «Նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը»։