Գերմանացի օրենսդիրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկությամբ կարող են առաջացնել Էրդողանի զայրույթը. Reuters
Գերմանացի օրենսդիրները կարող են առաջացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զայրույթը և վտանգել փախստականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա գործարքը՝ պաշտպանելով բանաձևը, որը «ցեղասպանություն» է բնութագրում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը, հայտնում է Reuters գործակալությունը:
Քվեարկությունը, որը պետք է անցկացվի հունիսի առաջին շաբաթվա ընթացքում, իրականացվում է զգայուն ժամանակահատվածում, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է երաշխավորել, որ Էրդողանը չի հրաժարվի փախստականների գործարքի իրականացումից։
Մերկելը քննադատության է արժանացել մարդու իրավունքների վիճակի առնչությամբ Թուրքիայի հետ «մեղմ» լինելու համար, քանի որ նա փորձում է ամեն կերպ կանգնեցնել ներգաղթյալների հոսքը Գերմանիա: Նա քննադատության ալիք առաջացրեց՝ թույլ տալով Գերմանիայի դատարանին հետաքննություն սկսել գերմանացի երգիծաբանի նկատմամբ, ում Թուրքիան ցանկանում է պատասխանատվության ենթարկել Էրդողանի հասցեին վիրավորական բանաստեղծություն ընթերցելու համար:
Մերկելի պահպանողական կուսակիցները, նրանց կոալիցիայի կրտսեր գործընկեր սոցիալ-դեմոկրատները և ընդդիմություն հանդիսացող Կանաչներն ավարտում են մեծավմասամբ խորհրդանշական բանաձևի տեքստի հետ կապված աշխատանքները։
Պահպանողական Ֆրանց Ջոզեֆ Յունգը հայտնել է, որ «ցեղասպանություն» եզրույթը լինելու է և՛ վերնագրում, և՛ բանաձևի տեքստում:
«Մենք ցանկանում ենք նպաստել հաշտեցմանը, բայց, միևնույն ժամանակ, ցանկանում ենք ճիշտ նկարագրել պատմական փաստը»,- ասել է նա Deutschlandfunk ռադիոկայանին՝ հավելելով, որ այն կապված չէ ներգաղթյալների գործարքի հետ:
Մտավախություններ կան նաև, որ բանաձևը կարող է լարվածություն առաջացնել Գերմանիայում ապրող թուրքական ծագմամբ 3,5 միլիոն բնակչության շրջանում:
Ինչպես նշում է գործակալությունը, անցած տարի Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման ժամանակ դատապարտել է հայերի զանգվածային սպանությունները՝ օգտագործելով ցեղասպանություն բառը։ Գերմանիան նախկինում խուսափում էր «ցեղասպանություն» բառն օգտագործել: Օրենսդիրներն այնուհետև քննարկել են բանաձևի ընդունման հարցը, բայց քվեարկություն տեղի չի ունեցել, և այդ ժամանակից ի վեր կողմերն աշխատում են տեքստի վրա:
Կարող եք կարդալ նաև՝










